Կարևոր իրադարձություններ

Գագիկ Հարությունյանը ժամանակ է տալիս. «ՀԺ»

14 Հուլիս, 2017 09:58
Գագիկ Հարությունյանը ժամանակ է տալիս. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» -ին հայտնի դարձավ, որ Վանաձորի ավագանու գործունեության վերաբերյալ 26 պատգամավորի ստորագրությամբ Սահմանադրական դատարան մուտք արված դիմումի քննությունը տեղի կունենա 2017 թվականի հոկտեմբերի 31-ին:

Ուշագրավ է, որ Ազգային Ժողովի պատգամավորները Սահմանադրական դատարան էին դիմել 2017 թվականի հունիսի 9-ին, սակայն դիմումի քննությունը կիրականացվի ամիսներ հետո: Ստացվում է, որ ՍԴ-ն այս գործը կքննի, և որոշում կհրապարակի դիմումը մուտք արվելուց հետո 5 ամիս անց, եւ Վանաձորում տեղի ունեցող ենթադրյալ հակասահմանադրական գործընթացը կարող է շարունակվել ևս 5 ամիս:

Հունիսի 9-ին ԱԺ-ի «Ելք» և «Ծառուկյան» պատգամավորական խմբակցություններից թվով 26 պատգամավոր դիմել են Սահմանադրական դատարան: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Սահմանադրությանը հակասող ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները սույն թվականի մարտ ամսից սկսած՝ լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։

«Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»,- հայտարարել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՍԴ դիմելու ժամանակ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքում Վանաձորի ավագանու կազմում ընդգրկվեցին «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունները, սակայն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին վերցրած մեծամասնություն չկազմեցին»:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին