Կարևոր իրադարձություններ

«Ելքը»` պատվերով սոցհարցում անցկացնողի դերում . «Փաստ»

14 Հուլիս, 2017 07:35
«Ելքը»` պատվերով սոցհարցում անցկացնողի դերում . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողներին ներկայացնելով իր տեսակետը, ասել է, որ իր կարծիքով լավ կլինի 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետը լինի: Անշուշտ դժվար է ասել, թե որքան է «հայտարարության» տեսանելի ու անտեսանելի մասերի համամասնությունը, բայց զարամանալի է, որ ամեն անգամ վարչապետի հարցը բարձրացնում ու ժողովրդի ուշադրությունը դրա վրա են շեղում «Ելքի» պատգամավորները:

Թե ինչու է ԱԺ միակ ընդդիմադիր համարվող ուժը ստանձնել այդ պարտավորությունը, պարզ չէ: Նրանք նույնիսկ բիզնեսներ չունեն, որ նախագահի հետ նման կոմպրոմիսի գնալու միջոցով ստիպված լինեն իրենք իրենց փրկել: Հետևաբար, պետք է որ նրանց այնքան էլ չհետաքրքրի, թե հաջորդ տարի ով կդառնա երկրի վարչապետ: Բայց արի ու տես, որ դա ամենևին էլ այդպես չէ:

Ամեն անգամ «Ելքի» պատգամավորները ուղիղ կամ անուղղակի կերպով սկսում են վարչապետի մասին «խոսք» բացել ու տիրաժավորել իրենց նախասիրությունները: Եվ դա անում են առանց հիմնավորելու, թե ինչու է նրանց այդ հարցը ժամանակից շուտ և այդքան շատ անհանգստացնում:

Երկու տարբերակ կա՝ կամ ասելու այլ բան չունեն, դրա համար սկսել են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու PR–ով զբաղվել, կամ էլ նախնական պայմանավորվածություն են ունեցել երկրի նախագահի հետ ու հիմա էլ սկսել են ցույց տալ, թե իրենք ինչքան պարտաճանաչ ու նվիրված քաղաքական գործիչներ են:

Ով–ով, բայց Սասուն Միքայելյանը, ով տարիներ շարունակ պայքարել է նույն ռեժիմի դեմ, իսկ ընտրություններից առաջ էլ ասում էր, որ՝ «մինչև սրանց չհեռացնենք ոչինչ էլ չի ստացվի, երկիրը չի զարգանա», հանկարծ մի օր որոշում է հայտարարել, թե լավ կլինի, որ 18 թվականից հետո երկրի վարչապետը ՀՀ նախագահը դառնա: Եվ իր այդ ցանկություն–տեսակետը նա հիմնավորում է՝ եթե նա լինի հաջորդ վարչապետը, ապա ստիպված կլինի պատասխան տալ իր նախորդի արածների համար: Բայց համաձայնեք, որ սա այնքան էլ հիմնավոր պատասխան չէ, քանի որ հայոց նորագույն պատմության ողջ ընթացքում դեռևս որևէ մեկը իր նախորդի սխալների համար պատասխան չի տվել: Եվ հիմա պարզ էլ չէ, թե ներկայի փլատակների վերածված տնտեսության համար 14 վարչապետերից ով ինչքան մեղքի բաժին ունի և որ վարչապետին է հարկավոր ամենաշատը մեղադրել:

Բոլորն էլ սուրբ են, բոլորն էլ անմեղ են, բոլորն էլ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել են, որ երկիրը դուրս հանեն խորը փոսից, բայց որևէ մեկը, նույնիսկ «Ելք»–ականները այդպես էլ չեն կարողանում ասել, թե իրականում ում մեղքով է երկիրը գլորվել այդքան խոր անդունդն ու ինչու այսքան ժամանակ չի կարողանում դուրս գալ այդտեղից:

Ու այս ֆոնին, երբ Կարեն Կարապետյանի օրոք կարծես վերջապես բոլոր ուղղություններով ինչ–որ տեղ փորձ է արվում բոլոր խճճված կծիկները քանդել ու տարիների ընթացքում տնտեսությունում առաջացած ու կարծրացած կոշտուկները մաքրել, իրեն ընդդիմադիր հռչակած ուժի ներկայացուցիչներն առանց վարանելու սկսում են Սերժ Սարգսյանի, որպես ապագա վարչապետի «գովքը» կազմակերպել:

Ամենաուշագրավն էլ այն է, որ այս շոուի ունկնդիրներ ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Ծառուկյան» դաշինքը դեռևս չափավոր զսպվածություն են դրսևորում, քանի որ ամենայն հավանականությամբ զբաղված են ժողովրդի համբերությունը չափելով, իսկ «Ելքն» այս թատրոնում հանդես է գալիս պատվերով սոցհարցում անցկացնողի դերում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին