Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Թքա՛ծ վարչապետի հանձնարարականի վրա. «Օմեգա» գիշերային ակումբին անհրաժեշտ են աղջիկներ. «Փաստ»

14 Հուլիս, 2017 07:20
Թքա՛ծ վարչապետի հանձնարարականի վրա. «Օմեգա» գիշերային ակումբին անհրաժեշտ են աղջիկներ. «Փաստ»

Վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա նոյեմբերի 10–ի կառավարության նիստում երեք նախարարությունների խիստ հանձնարարական տվեց. «Համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու հարցը:

«Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,– նշել էր Կ. Կարապետյանը:

Նա շեշտել էր՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբերին: «Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,– ասել էր Կարեն Կարապետյանը:

«Փաստը» ժամանակին գրեց, որ վարչապետի հանձնարարականից 6 ամիս անց էլ դեռ ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում:

Զորօրինակ՝ ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան–59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը:

Ո՞վ է այս ակումբի հզոր սեփականատերը, որ կարողանում է արհամարհել վարչապետի հանձնարարականը կամ լեզու գտնել համապատասխան պաշտոնյաների հետ:

Փորձեցինք գտնել սեփականատիրոջը: «Օմեգա» գիշերային ակումբի պաշտոնական կայքի թափուր աշխատատեղեր բաժնում կարդացինք. «Անհրաժեշտ են աղջիկներ»: Պահո՜: Սրանք «կենացները քաղցրանում են» և միտք էլ չունեն հետևելու վարչապետի հրահանգին:

Մեր որոնումները տվեցին իրենց արդյունքները: Ըստ մեր տվյալների՝ «Օմեգա» գիշերային ակումբը պատկանում է գործարար Հենրիկ Զախարյանցին, ով սեփականատերն է մսամթերք արտադրող «Նատֆուդ» ՍՊԸ–ի, ժամանակին՝ ցորեն ու կանաչ սուրճ ներմուծող «Վալլետտա» ՍՊԸ–ի, ավտոմեքենաների վարձույթով ու լիզինգով, սուրճի ու թեյի վերամշակմամբ զբաղվող «ՍԻՎԻՋԻ» ֆիրմայի: Ի դեպ, «ՍԻՎԻՋԻ» ՍՊԸ–ին է պատկանում նաև «Օմեգա» գիշերային ակումբը:

Մեր տվյալներով՝ այս խոշոր բիզնեսմենը Հենրիկ Զախարյանցը պարսկահայ է, վաղուց է ներգաղթել, ըստ լուրերի՝ նա ավարտել է Թբիլիսիի Պոլիտեխնիկ ինստիտուտը, գիտությունների թեկնածու է՝ մեքենաշինության և մեքենագիտության մասնագետ: Նախկինում «Սթար» խանութների ցանցի տերն էր, մինչև այն վաճառեց «անբախտ վաճառական» Գևորֆ Աֆանդյանին:

Հենրիկ Զախարյանցին պետք է որ ավելի լավ ճանաչի ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ով ժամանակին «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկության ղեկավարն է եղել:

Ինչևէ, «Օմեգայի» տերն այնքան հզոր է, որ վարչապետի հանձնարարականի վրա թքած ունի ու Տերյան 59 հասցեում իշխող «Օմեգա» ստրիպտիզ բարը չի հանի բազմաբնակարան այդ շենքից:

Իսկ այ շենքի պատերին ամրացված են ազգի երևելիներից մի քանիսի հուշատախտակները. Այս տանն ապրել է Մովսես Արազին, Գեղամ Սարյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Թամրազյանը: Այս հուշատախտակների արանքում էլ «տեղավորված» է ստրիպտիզ պարող աղջկա սիլուետը:

Եթե այսպես գնա՝ չենք զարմանա, որ մի 10 տարի հետո այս շենքի պատերին հայտնվեն «այս տանը պարել են Օլյան, Վայլան, Դաշան, Իրան...» հուշատախտակները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին