Կարևոր իրադարձություններ

Փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություն է, թե՞ ոչ. ի՞նչ են փորձել փոխանցել ամբաստանյալները փաստաբան Ա. Ղարագյոզյանին (լուսանկարներ)

29 Հունիս, 2017 17:23
Փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություն է, թե՞ ոչ. ի՞նչ են փորձել փոխանցել ամբաստանյալները փաստաբան Ա. Ղարագյոզյանին (լուսանկարներ)

 Այսօր՝ հունիսի 29-ին, Shabat.am-ը դատական դեպարտամենտի հասարակայնության և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանից խնդրեց պաշտոնական մեկնաբանություն Սասնա ծռեր խմբի անդամների ծեծի և փաստաբան Ա. Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Դեպարտամենտը Shabat.am-ին է տրամադրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրելյանի դիմումն ուղղված փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, որտեղ ներկայացված է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառների մասին:

Դիմումում մասնավորապես նշված է.

 2017թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջաների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը: Այս մասին նամակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին է դիմել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրելյանը:

Դատական դեպարտամենտի կողմից տրամադրած դիմումի մեջ, որը ներկայացրել է դատավորը, գրված է եղել.

Դատավարությունն օգտագործում ենք.

1.Ժողովրդին (հատկապես երիտասարդությանը) ոգևորելու

2.ինքնակազմակերպմանը օժանդակելու

3.մեր ազգային օրակարգը (Արցախի միացմամբ նոր հանրապետություն, հետո Կուր-Արաքսյան տարածքի վերահայացում)

4.մեր գաղափարները տարածելու

5.աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրկացնել և մենք ազատվելու ենք գաղութատիրությունից

6.դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի

7.լինելու կազմակերպված և պայքարը շարունակելու մինչև հաղթանակ

8.հետևել մեր առողջությանը, այն միայն մերը չէ, նաև պայքարի համար է:

Դատավորի դիմումում մասնավորապես նշված է, որ դատական նիստից հետո ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում փաստաբան Ա. Ղարագյոզյանը հայտարարել է, որ նշված թղթի վրա առկա գրառումները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք հասցեագրված են եղել իրեն:

Դիմումի համաձայն՝ տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ դրա տարածումն ուղղված է գործի դատական քննությանը կազմակերպված կերպով խոչընդոտելուն, իսկ փաստաբանի կողմից օրենսդրությամբ վերապահված իրավունքներն ու դրանց ապահովման երաշխիքներն անբարեխիղճ օգտագործելու պատճառով դատավորն առաջարկել է փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին