Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի հոգեւոր առաջնորդի հետ

29 Հունիս, 2017 16:24
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի հոգեւոր առաջնորդի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 28-ին Պրահայում հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել կարդինալ Դոմինիկ Դուկայի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ նրա ջանքերը Չեխիայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. այդ ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Դոմինիկ Դուկային` Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են քրիստոնեական ժառանգության պահպանումը եւ փոխանցումը սերունդներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել թե Թուրքիայում, թե Ադրբեջանում եւ թե Մերձավոր Արեւելքում հայկական եւ քրիստոնեական մշակութային հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ օրերս Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` այդ փաստը Դեյր Էզ-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման, Նախիջեւանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերման, Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:

«Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»,-ասել է պարոն Շարմազանովը: 

 

Լրահոս

Դիտել ավելին