Կարևոր իրադարձություններ

Եթե նման մարդկանց ծեծի ենթարկեցին, ուրեմն հաջորդ ծեծ ուտողը փաստաբանն է լինելու

29 Հունիս, 2017 12:48
Եթե նման մարդկանց ծեծի ենթարկեցին, ուրեմն հաջորդ ծեծ ուտողը փաստաբանն է լինելու

«Սասնա ծռերի» գործով կալանավորված Արայիկ Խանդոյանը երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նկուղային հարկում ծեծի էր ենթարկվել: Այս մասին հաղորդել էր Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Shabat.am-ի հետ զրույցում պաշտպան Ղարագյոզյանն ասաց, որ երեկ ուշ երեկոյան այցել է Խանդոյանին. «Աչքը կարմրած էր, ոտքերին էին հարվածել, կար մարմնական վնասվածքների հետքեր, հարվածներ էին հասցրել նաև որովայնի շրջանում, երիկամներին՝ շատ լավ իմանալով, որ Արայիկ Խանդոյանը երիկամների հետ կապված խնդիրներ ունի»:

Փաստաբանի խոսքով՝  նման վիճակում են հայտնվել նաև Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը և այլք:

«Ծեծի են ենթարկել նույն այն վայրում, որտեղ մարդիկ գնում են արդարադատություն փնտրելու:  Սա բռնապետություն է, Հայաստանը 20 տարով հետ գնաց: Նման դեպք ես դեռ չէի տեսել, որ մարդուն բացահայտ ծեծի ենթարկեն դատարանում: Դրանց չի կարելի ոստիկան համարել, նրանք հագնում են այդ համազգեստն ու պատվեր են կատարում:

Դատական դեպարտամենտի ղեկավարն օրենքը խեղաթյուրված է ներկայացնում, ասում է, որ դատական կարգադրիչներն  իրավունք ունեն... Սրանով ցանկանում են ցույց տալ, եթե նման մարդկանց ծեծի ենթարկեցին, ուրեմն հաջորդ ծեծ ուտողը փաստաբանն է լինելու, այն մարդիկ են լինելու, ովքեր Սասնա ծռերի գործով դատական նիստերին են գալիս: Սա նույնն է՝ Տաթևիկի (խմբ. փաստաբանն ի նկատի ունի Ժիրայր Սեֆիլյանի գործը քննող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին) և Արտուշ Գաբրիելյանի սցենարնով են շարժվում: Փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցում, դատական նիստերը տեղի չեն ունենում: Սա ճնշում գործադրելու նպատակ է»,- ասաց նա:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը Shabat.am-ին տեղեկացրեց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազությանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին