Կարևոր իրադարձություններ

Ապագա վարչապետի վերաբերյալ մեսիջները կգան կա՛մ Ռուսաստանից, կա՛մ արևմուտքից. «Փաստ»

29 Հունիս, 2017 07:35
Ապագա վարչապետի վերաբերյալ մեսիջները կգան կա՛մ Ռուսաստանից, կա՛մ արևմուտքից. «Փաստ»

«Փաստ»-ի հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, խորհրդարանի այս մեկ–մեկուկես ամսվա աշխատանքներից ինչ–որ բան ուրվագծվո՞ւմ է. ի՞նչ ուղղությամբ են ընթանում մեր քաղաքական դաշտի զարգացումները:

– Սկսենք նրանից, որ այս պահի դրությամբ, կարելի է ասել, Հայաստանում քաղաքական դաշտ գրեթե այլևս գոյություն չունի: Որովհետև ամեն ինչ աղավաղված է:

Երկրորդ` խորհրդարանի մեկ ու կես ամսվա աշխատանքները մեզ ցույց են տալիս, որ այն ամբողջությամբ վերածվել է նախագահական նստավայրին կից դակող մի գրասենյակի, որը կառավարության կողմից ներկայացված բոլոր օրենքներն էլ ընդունում է, և` վերջ: Կարելի է ասել ի վերջո, որ խորհրդարանի ազդեցությունը զրոյական է ներքաղաքական կյանքում:

– Բայց այդ խորհրդարանը մի քանի ամիս հետո դառնալու է մեր երկրի գլխավոր ղեկավար մարմինը: Ինչպե՞ս համատեղենք այս ամենը:

– Դե յուրե դուք ճիշտ եք, դե ֆակտո` ոչ: Ըստ սահմանադրության ապրիլից խորհրդարանը դառնալու է կարևորագույն քաղաքական մարմինը մեր երկրի կյանքում: Սակայն իրականությունն այլ է, նայած` ապրիլից հետո ո՞վ կլինի վարչապետը:

Եվ ամենայն հավանականությամբ կարևորագույն մարմինը դառնալու է ոչ թե կառավարությունը, այլ` վարչապետի պաշտոնը: Եթե, իհարկե, համատեղ այլ պաշտոններ չստեղծվեն: Օրինակ` Անվտանգության խորհրդի քարտուղարի, որն օրենքով կարող է ստանձնել բավականին լայն լիազորություններ:

Եթե գործող նախագահն ինքը դառնա վարչապետ, մի բան, որի մասին մի քանի անգամ ակնարկել է, ապա կարող ենք ասել, որ կարևորագույն մարմինը ըստ սահմանադրության լինելու է Ազգային Ժողովը, իսկ դե ֆակտո` երկրի վարչապետը:

– Կառավարության խոսքի տոնայնությունը ցածրացավ, այսպես ասած` «նստեց», եթե դիտարկենք հնգամյա նրա ծրագիրը, որը բավականին համեստ նպատակներ է հետապնդում: Սա բնակա՞ն էր:

– Բնական էր: Որովհետև երբ վարչապետը եկավ, նրա նկատմամբ բավականին մեծ դրական սպասումներ եղան, հատկապես` հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Սպասվում էր, որ էական փոփոխություններ կմտցնի Հայաստանի քաղաքական–տնտեսական կյանքում:

Սակայն վարչապետը ի սկզբանե զբաղվեց ոչ թե քաղաքական գործունեությամբ, այլ` մենեջմենթով: Եվ նա ինքն իրեն նույնականացրեց ոչ թե քաղաքական գործչի, այլ մենեջերի կերպարի հետ: Եվ, որպես մենեջեր, բնականաբար ոչնչի չկարողացավ հասնել: Այդ էր պատճառը, որ պակասեց նաև նրա ակտիվությունը: Մի բան, որն արդեն տեսանելի է նաև ոչ մասնագետներին:

– Իսկ ձեր կարծիքով 2018 թվականից հետո Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնի ակնկալիք կունենա՞, այնուամենայնիվ:

– Բանն էլ հենց այն է, որ ակնկալիքներ չեն ունենում, ակնկալիքներ ստեղծում են: Իսկ քանի որ Հայաստանում հասարակությունն այլևս չի մասնակցում իշխանությունների ձևավորման գործընթացին, ապա այն լուծվում է երկու ձևով` կամ երկրի ներսում, կամ` երկրից դուրս:

Երկրի ներսում ևս իշխանությունների ձևավորման երկու ճանապարհ գոյություն ունի: Եթե երկիրը ժողովրդավարական է, ապա այն տեղի է ունենում ընտրությունների միջոցով: Ինչպես` Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում: Իսկ եթե ոչ ժողովրդավարական երկիր է, բայց ունի իր ինքնիշխանությունը, ապա ձևավորվում է իշխող ներքին համակարգի կողմից: Ինչպես` Ռուսաստանում, Չինաստանում:

Բայց եթե ինքնիշխան երկիր չէ, ապա իշխանությունների ձևավորման գործընթացի վրա բավականին մեծ ազդեցություն է ունենում արտաքին գործոնը` աշխարհաքաղաքական կենտրոնները: Իսկ Հայաստանը էականորեն զիջել է իր ինքնիշխանությունը, նրա վրա մեծ են հատկապես Մոսկվայի, ինչպես նաև արևմուտքի` մասնավորապես Եվրամիության ու ԱՄՆ–ի ազդեցությունները:

Եվ այն բանով պայմանավորված կլինեն ակնկալիքները, թե տվյալ թեկնածուները, ովքեր ուզում են Հայաստանի վարչապետ դառնալ, ինչպիսի՞ հարաբերություններ կունենան Մոսկվայի և արևմուտքի հետ:

Եվ եթե ներկա վարչապետը ցանկություն ունի 2018 թվականի ապրիլից հետո կրկին դառնալ Հայաստանի վարչապետ, ապա ակնկալիքները պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ: Իսկ թե Ռուսաստանը կցանկանա՞ նրան տեսնել 2018 թվականից հետո Հայաստանի առաջին պաշտոնյայի դերում, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել նաև, թե արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա տեսնել այդ դերում գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույնն էլ` արևմուտքի պարագայում. պարզ չէ նաև նրանց դիրքորոշումն այս հարցում:

Ուստի դեռևս այս պահի դրությամբ չենք կարող ասել, թե ո՞ւմ ակնկալիքն ինչպիսի՞ արդյունք կունենա: Հետևաբարև` ինչպիսի՞ զարգացումներ կընթանան երկրում: Այդ զարգացումներն ավելի ու ավելի հստակ կերևան աշնան վերջին կամ ձմռանը: Ու որոշ հստակություն կմտնի հարցում: Եվ այդ հստակությունը կմտնի մեսիջների միջոցով, որոնք կգան կամ Ռուսաստանից, կամ արևմուտքից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին