Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ դատավորների կամ դատախազների գրպանները չեն ստուգում. դատական դեպարտամենտի ղեկավարի պարզաբանումը (տեսանյութ)

28 Հունիս, 2017 16:00
Ինչու՞ դատավորների կամ դատախազների գրպանները չեն ստուգում. դատական դեպարտամենտի ղեկավարի պարզաբանումը (տեսանյութ)

«Աստիճանաբար հասնելու ենք նրան, որ բոլոր դատարաններում, բոլոր անձինք, երբ մուտք գործեն դատարան՝ անկախ նրանից կլինեն մեղադրողներ, փաստաբաններ կամ այլ աձինք, ենթարկվելու են զննության: Դա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց, դատավարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու, հասարակական կարգն ապահովելու նպատակով: Այս զննությունը որևէ այլ նպատակ չի հետապնդում»,- այս մասին լրագրողներին հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

-Պարո՛ն Փոլադյան, փաստաբաններն ասում են, որ գուցե իրենց պայուսակներում լինեն գաղտնիք պարունակող տեղեկություններ, այդ պատճառով էլ չեն ցանկանում, որպեսզի այն զննության ենթարկեն:

-Ծանոթ եմ մամուլի հրապարակումներին և որևէ դատական կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում և դրամապանակներում ինչ կա: Նորից եմ կրկնում, սա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Մենք փաստաբաններին առաջարկում ենք իրենց պայուսակներից կամ գրպաններից հանել, կամ իրենց հետ դատարան չբերել այն իրերը, որոնք առիթ են տալիս այդ սարքին ձայնային ազդանշան հանելու:

Դատական կարգադրիչն ինքն է որոշում, կա հասարակական կարգի խախտման վտանգ, կամ անվտանգության լրացուցիչ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:

-Ասում եք՝ բոլորն են ստուգվելու, դատավորներն ու դատախազներն էլ են ստուգվելու՞:

-Հավատացնում եմ, որ... դատավորների մասին հարցին այս պահին բերեք չպատասխանեմ, որովհետև չեմ կարողանում հասկանալ՝ Ձեր հարցադրումն ինչին է ուղղված:

-Բոլորը հավասար են չէ՞՝ օրենքի առաջ:

-Բոլորը հավասար են, Ձեր ասած նույն մեղադրողները զննվել են դատարանի շենք մուտք գործելու ժամանակ: Մենք հասնելու ենք նրան, որպեսզի ունենանք այնպիսի տեխնիկական հագեցվածություն, որ ստուգող սարքերը դրված լինեն դատարանի մուտքի առջև և անկախ նրանից, թե ինչ սուբյեկտ է կամ ո՞վ է մուտք գործելու դատարան՝ մեխանիկորեն ինքը զննության սարքի միջով անցնելու է:

-Փաստաբաններն այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում, քանի որ հիմնականում դեպքերը տեղի են ունենում Սասնա ծռերի և Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստերի ժամանակ:

-Հավաստիացնում եմ բոլորիդ, որ դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացնել, թե ով ինչ ենթատեքստ է տեսնում, չեմ կարող մեկնաբանել իրենց փոխարեն: Մենք իրականացնում ենք մեր լիազորությունները, որոնք բխում են բոլորիս անվտանգության շահերից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին