«Հրապարակ» օրաթերը գրում է. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեցինք Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների մասին: Հիշեցնենք, որ ՎՊ-ն 2016 թ. հաշվետվության մեջ արձանագրել էր, որ նախարարությունը պետբյուջեից գումար է հատկացրել գրքերի տպագրության համար, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, ամբողջությամբ չեն ծառայել նպատակին: Օրինակ՝ 2015թ. նախարարության կողմից հրատարակվել է 2 հազար 100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգիրք, որից 1075 հատը մնացել է պահեստներում, չի օգտագործվել: «Հայկական սփյուռք 2013» տարեգրքերի մնացորդը 630 հատ է կազմել: Ինչպես արձանագրել է ՎՊ-ն, յուրաքանչյուր տարի առաջանում է տարեգրքերի չբաշխված մեծ բանակի և արժեքի մնացորդ: Ինչո՞ւ են տպվում այդ գրքերը, եթե նպատակին չեն ծառայում: «Քանի որ գիրքը շատ ծանր է, մենք չենք կարողանում փոստով ուղարկել, մարդիկ գալիս են, տալիս ենք, տանում են, դա հիմնականում ամառվա ընթացքում է ուղարկվում, մարդիկ շատ են գալիս այդ ժամանակ»: Բայց ամեն տարի նույնը կրկնվում է՝ բյուջեից գումարներ են ծախսվում: «Այո, քանի որ մեր ծրագրերը շատ են»,- անդրդվելի է մնացել նախարարը: Վերահսկիչ պալատն արձանագրել է նաև, որ աշխատողների պարգևատրումները պետք է կատարվեն աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, ոչ թե պետբյուջեի, որը մոտ 4 մլն. դրամ է կազմում, այստեղ էլ է Սփյուռքի նախարարությունը խախտել օրենքը: «Ոչ, ես կատարել եմ այն, ինչ օրենքով նախատեսված է»,- պնդել է նախարարը: Փաստորեն, ՎՊ-ն ապատեղեկատվություն է տարածում, իսկ ինչու հրապարակային չեք անդրադառնում դրան: «Մենք գրավոր պարզաբանումները ներկայացրել ենք, ամեն ինչ նորմալ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: