Կարևոր իրադարձություններ

Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. «Փաստ»

27 Հունիս, 2017 07:35
Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ. «Փաստ»

«Փաստ»- ի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, հնգամյա իր ծրագրի մեջ մեր կառավարությունը մատը դրե՞լ է այնպիսի կետերի վրա, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը, ընդհանրապես` երկրի առաջընթացին:

– Բավականին բարդ հարց եք տալիս, որովհետև Հայաստանում վերջին տարիներին բոլոր կառավարություններն էլ փորձում են ինչ–որ խնդիրներ լուծել, ձգտում են տնտեսական զարգացման, սոցիալական իրավիճակի բարելավման: Բայց դրական փոփոխություններ, ըստ էության, մինչ այս պահը դեռ չկա: Եվ իմ կարծիքով այս ամենի հիմքում շատ ավելի ֆունդամենտալ և շատ ավելի խորքային խնդիրներ կան, քան բուն տեխնիկական լուծումներն են:

– Եվ որո՞նք են այդ ֆունդամենտալ խնդիրները:

– Պետք է մթնոլորտը փոխվի երկրում, վստահություն ձևավորվի, պետության նկատմամբ հավատ արթնանա մարդկանց մոտ: Իսկ մեզ մոտ պետության նկատմամբ հավատ չկա, և այդ հավատի բացակայության պատճառով մարդիկ հեռանում են երկրից: Դրա հետևանքով կրճատվում է սպառողական շուկան: Իսկ ոչ մի տնտեսական փոփոխություն չի կարող լուրջ հաջողության հանգեցնել, եթե քո շուկան փոքրանում է ու քո բնակչությունը հեռանում է երկրից:

Ես պարզապես նշեցի երկու գործոն, որոնք ավելի հասարակական հնչեղություն ունեն, քան զուտ տնտեսական խնդիրներ են: Էլ չեմ խոսում տնտեսական–տեխնիկական խնդիրներից: Հատկապես բիզնես միջավայրի բարելավման մասին, որը ոչ միայն տեխնիկական բնույթի` ֆիրմաներ բացելու հետ կապված հարցերի դյուրացման խնդիր է, այլ կարևորվում են բուն բիզնես վարելու և համապատասխան միջավայր ձևավորելու հարցերը:

Մեր տնտեսությունը գերմենաշնորհված է, բոլորս էլ գիտենք: Մարդիկ վհատված են այս վիճակից: Եվ միակ տարբերակը, որն ապագա ունի, արտահանման ոլորտն է: Արտահանումը կարող է բիզնեսը զարգացնելու հնարավորություն տալ:

– Արդեն մոտ տասը ամիս է, ինչ գործում է Կարեն Կարապետյանի կառավարությունը, բայց այն դեռևս ձեռք չի տալիս համակարգային տվյալ խնդիրներին: Այդ դեպքում այս կառավարության քաղաքականությունը տնտեսության զարգացման վերաբերյալ կարո՞ղ ենք բնութագրել կոսմետիկ:

– Ես զերծ կմնամ նման բնութագրումներից: Որովհետև եղած խնդիրները քաղաքական բնույթի խնդիրներ են: Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, այն տիրույթում, որտեղ գործում է, դրական իմիջ է ձեռք բերել և հանրության շրջանում նրա նկատմամբ կա որոշակի վստահություն:

Բոլորն էլ հասկանում են, որ, ըստ էության, նա պետք է փոխի երկրի օրակարգը: Որովհետև տնտեսական բարեփոխումները ներկա պայմաններում կաշկանդված են որոշակի սահմանափակումներով: Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Ի վերջո, վստահության մթնոլորտն է գլխավոր մեսիջը` ուղղված գործարար այն շրջանակներին, որոնք ներդրումներ են անում, հեռանկարային ծրագրեր են մշակում` հավատալով, որ կարող են հաջողությունների հասնել թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման գործում:

– Եթե այս ամենը չկա, կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղել է մինչև այժմ:

– Ես չէի ցանկանա հոռետեսական գնահատական տալ, որովհետև, ինչպես ասում են, հույսը մեռնում է վերջում: Առանց այդ էլ հասարակությունը հուսահատ վիճակի մեջ է, ես էլ չեմ ցանկանում իմ լուման դնել այդ վիճակի մեջ: Հուսանք, որ այնուամենայնիվ նրան կհաջողվի այդ փոփոխություններն անել:

Բայց ես մի բան կարող եմ ասել` եթե նա մնա այն սահմաններում, որտեղ մինչև այժմ գործում է, ապա հաջողության չի հասնի: Նա պետք է տնտեսական խնդիրների լուծումներն այլ հարթություն տեղափոխի: Նույնիսկ տնտեսական քաղաքականության մեջ կան քաղաքական բանաձևեր: Օրինակ, նախկին վարչապետերից մեկն ասում էր, որ մենք պետք է ձևավորենք Հայկական աշխարհ: Մի կողմ թողնենք, թե այդ ուղղությամբ ինչ արեց: Պարզապես նման ձևակերպումները շատ կարևոր են, որպեսզի մեսիջ տան հասարակությանը, թե տնտեսական ինչպիսի ուղի է բռնել կառավարությունը:

Իսկ մենք նման մեսիջներ առնվազն չենք ստանում ներկա կառավարությունից: Ընդամենը մեզ են տրամադրվում տեխնիկական լավ լուծումներ, որոնք երևում են միկրոմակարդակներում: Այսինքն` դրանք տեսնում են գործարար շրջանակներում: Սակայն դրանք շատ չնչին քայլեր են, որպեսզի գործարարությամբ զբաղվող մարդիկ ոգևորվեն: Որովհետև, երբ երկրում ընդհանուր մթնոլորտը վատն է, չկա ոգեղենություն, ապա դրական հետևանքներն այն չեն լինելու:

Օրինակներ բերեմ. Հայաստանը հայտնվել է հսկայական մեծ պարտքերի տակ, արդեն առաջ են գալիս պարտքերի վճարման հարցերը: Բայց եթե չլինի լուրջ տնտեսական աճ, չլինեն լուրջ ներդրումներ, Հայաստանը դառնալու է խիստ անհեռանկարային երկիր: Անգամ անվտանգության խնդիրներ են ծագելու:

Եվ դրա հետևանքը. միջազգային կառույցները, չհավատալով որ մեր երկիրը կարող է սպասարկել պարտքերը, մեզ պարտադրեցին նոր Հարկային օրենսգիրք, որը հնարավորություն կտա հարկային հավաքագրումների ծավալները մեծացնել: Դրանով արդեն նրանք վստահ կլինեն, որ մեր երկիրը կկարողանա իրենց պարտքերը վերադարձնել: Իսկ այս Հարկային օրենսգիրքը, որը կիրառության մեջ կմտնի 2018 թվականից, ըստ էության ավելի է վատացնելու տնտեսական վիճակը:

Գտնվելով փակուղու առաջ` ներկա խաղի կանոններով գործելու, ներկա ստանդարտներով շարժվելու պարագայում, ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին