Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

26 Հունիս, 2017 20:28
ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հունիսի 26-ին հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես` մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենա շարունակական բնույթ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է որպես հեռանկարային դիտարկել ռազմական կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը Եվրոպական Միության հետ:

Դիրկ Լորենցն իր հերթին բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող շփումների կարևորությունը և վստահություն հայտնել, որ տարեվերջին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ որակական նոր մակարդակի համագործակցության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին