Կարևոր իրադարձություններ

Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ. Նաիրա Զոհրաբյան

26 Հունիս, 2017 16:47
Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստը մեկնարկեց Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումով։ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց անհապաղ սկսել Ագրամունտի անվստահության իրավական գործընթացը եւ հայտարարեց, թե իր համար սպասելի էր, որ Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես տղամարդ եւ ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ։ Զոհրաբյանը կոչ է արել նաեւ սկսել հետաքննություն՝ ուսումնասիրելու Միլիսա Մարկովիչի եւ Ռոբերտ Վոլթերի զեկույցների հետ կապված մութ պատմությունները։  

 Հարգելի գործընկերներ,

 Այսօր մեր Վեհաժողովի համար ճշմարտության պահ է։ Գոնե ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտը իրեն չի պահելու  ո՛չ որպես քաղաքական գործիչ եւ ո՛չ էլ որպես  տղամարդ եւ հրաժարարական չի  ներկայացնելու։ Ուստի, մենք պետք է հավատարիմ  մնանք ապրիլյան նստաշրջանում բյուրոյի կայացրած որոշմանը եւ թույլ չտանք, որ մի ինչ որ Ագրամունտ, ով հրաժարվում է ընդունել բյուրոյի որոշումը եւ չի ցանկանում տղամարդավարի հեռանալ, մեր Վեհաժողովը վերածի կլոունադայի։ Մենք պետք է հենց հիմա  սկսենք Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի իրավական գործընթացը եւ մաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի եւ շահերի բախման ամոթալի խարանից։

Ագրամունտգեյթը հրաշալի նախադեպ է, որպեսզի ԵԽ անդամ որոշ  տոտալիտար երկրներ չհամարձակվեն այլեւս գնել, ուղղորդել,  իրենց շահը թելադրել  մեր Վեհաժողովի որեւէ պատգամավորի, կամ՝ որ ավելի ամոթալի է՝ ԵԽԽՎ նախագահի։  Ագրամունտգեյթը լավ նախադեպ է, որպեսզի մեր Վեհաժողովի որոշ անդամներ վերջապես հասկանան, որ նավթադոլարները մարսել հնարավոր չէ եւ մի օր կանգնելու էր իրենց կոկորդին։   

Ես ողջունում եմ մեր Վեհաժողովի բյուրոյի կողմից կոռուպցիոն հայտարարությունների ուսումնասիրության անկախ կառույցի ստեղծումը։ Վստահ եմ, որ այդ մարմնի քննության առարկա կդառնան ինչպես «Խավիարային դիվանագիտության» հայտնի դեմքերը, այնպես էլ՝ քննության առարկա կդառնա այն, թե ում միջոցով եւ որքա՞ն գումար է ծախսել Ադրբեջանը՝ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելու համար, որտեղ բացի արդեն հայտնի Լուկա Վոլոնտեից, ինչպես պնդում է նաեւ այդ գործին խիստ  քաջատեղյակ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական  պատվիրակության նախկին անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, ներգրավված են նաեւ Պեդրո Ագրամունտն ու մեր Վեհաժողովի այլ պատգամավորներ եւս։  Հույս ունեմ, որ անկախ մարմինը քննության առարկա կդարձնի նաեւ Միլիսա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմությունները։  Եւ պատահական չէ, որ   այս կառույցի ստեղծմանը նախարարական կոմիտեում  կատաղի դեմ արտահայտվեցին Ադրբեջանն ու Թուրքիան։  

Հարգելի գործընկերներ, այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, մենք բարձրաձայնում էինք այդ պարոնի՝ տարբեր տոտալիտար լիդերներին ծառայելու փաստերի մասին, սակայն դուք  լռում էիք։ Երբ ես իմ գործընկերներն այս ամբիոնից բարձրաձայնում էինք, որ մեր գործընկեր Քրիստոֆեր Շտրասերի զեկույցի տապալման գործում Վոլոնտեի հետ միասին ադրբեջանական լոբբիի շահերը սպասարկել են նաեւ Ագրամունտն ու այստեղ նստած որոշ պատգամավորներ եւս, եւ Ագրամունտը մեզ լռեցնում էր, դուք դարձյալ ոչինչ չարեցիք։

Հիմա եկել է ճշմարտության հետ առերեսվելու պահը։ Վստահ եմ, որ մենք վերջապես կունենանք այնքան խիզախություն եւ ազնվություն, որ կմաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի սարդոստայնից, որպեսզի Ագրամունտգեյթերը այլեւս չկրկնվեն։

    

 

 

Լրահոս

Դիտել ավելին