Կարևոր իրադարձություններ

«Արցախը պատմական հայկական հող է, և բացառապես Արցախում ապրող բնակչությունը պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան». Էդուարդ Շարմազանով

26 Հունիս, 2017 16:14
«Արցախը պատմական հայկական հող է, և բացառապես Արցախում ապրող բնակչությունը պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-հունական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն տարբեր ոլորտներում դեռեւս առկա է չօգտագործված մեծ ներուժ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է հայ-հունական հարաբերությունների զարգացումը եւ այս համատեքստում նշանակալի գնահատել տիկին դեսպանի աշխատանքը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական կապերի ամրապնդման հարցում Թերենս Նիկոլաուս Քուիքի անձնական ներդրումն ու ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին, Արցախի, ինչես նաեւ Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հարցին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը եւ Արցախն արցախյան հիմնախնդրի կարգավորումն ակնկալում են բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Խնդրի կարգավորման միակ խոչընդոտն Ադրբեջանն է իր ռազմատենչ քաղաքականությամբ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ հավելել, որ Թուրքիան, հավատարիմ մնալով իր ժխտողական քաղաքականությանը, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի հետ սահմանները եւ հայտարարություններով սատարել Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը, ինչին քաղաքակիրթ աշխարհն ականատես եղավ նաեւ ապրիլյան պատերազմի օրերին: «Մեզ համար Արցախի ժողովրդի անվտանգությունը, անկախությունն ու ապահովությունն ամեն ինչից վեր է: Արցախի պայքարն ազատության, անվտանգության պայքար է եւ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախը պատմական հայկական հող է, եւ բացառապես Արցախում ապրող բնակչությունը պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Շարմազանովին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Հունաստանը եւս շահագրգիռ է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունը տարբեր մակարդակներում:

Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար: Խոսելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ՝ պարոն Քուիքն ընդգծել է, որ այս հարցում Հունաստանի դիրքորոշումն հստակ է եւ չի փոխվել. Հունաստանը եւս խնդրի կարգավորումն ակնկալում է խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում՝ համահունչ միջազգային սկզբունքներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձին, ինչն անթույլատրելի եւ քրիստոնեական արժեքների դեմ ուղղված քայլ են համարել զրուցակիցները: Պարոն Շարմազանովը նշել է, որ այս հարցում եւս Հայաստանը սատարում է Հունաստանի դիրքորոշումը՝ ընդգծելով. «Բոլոր փորձերը, որոնք ուղղված են ստվեր գցելու հունական ուղղափառ ժառանգության վրա եւ մահմեդականության վերածելու տաճարը՝ անթույլատրելի է»:

Քննարկվել են երկու երկրներում հայ եւ հունական սփյուռքի հարցերին, նրանց ներուժի օգտագործմանը վերաբերող հարցեր:

Պարոն Քուիքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ուղղված Հունաստան այցելելու հրավերը: 

 

Լրահոս

Դիտել ավելին