Կարևոր իրադարձություններ

«Նայեք այս ֆիլմը. Ռուսաստանի պետական հեռուստատեսության կողմից նկարահանված»

26 Հունիս, 2017 14:10
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Նայեք այս ֆիլմը. Ռուսաստանի պետական հեռուստատեսության կողմից նկարահանված»

Նայեք այս ֆիլմը. Ռուսաստանի պետական հեռուստատեսության կողմից նկարահանված ''Страна советов. Забытые вожди'' անունով այս ֆիլմը Բերիայի փառաբանությունն է, որում ոչ մի խոսք չկա բուն ՛՛բերիականության՛՛ մասին: Ռուսաստանյան հիացունքը Բերիայի նկատմամբ շատ հասկանալի է՝ Բերիան շատ է նպաստել ռուսական կայսերականությանը: Այն, որ Վրաստանում ընբռնումով լռում են բուն բերիականության մասին՝ նույնպես որոշ տրամաբանություն կա՝ Բերիան շատ է նպաստել Վրաստանի տնտեսական և նույնիսկ էթնիկական կայացմանը՝ վերացնելով և արտամղելով այլազգիներին: Մինչ Հայաստանում ձերբակալում և գնդակահարում էին Բերիայի կողմից ղեկավարվող Անդրֆեդերացիայի տնտեսական քաղաքականությունից դժգոհներին («Հայաստանում մանկապարտեզների վերանորոգման համար տրվում է 10.000, իսկ Վրաստանում այդքան տրվում է մեկ մանկապարտեզի համար», «Դաշնամուրի գործարան Թիֆլիսում, թղթի ֆաբրիկա Թիֆլիսում, մեքենաների վերանորոգման գործարան, շաքարի գործարան, մարգարինի գործարան, նավթահանության մեքենաների գործարան, թաղիքի ֆաբրիկա, Թիֆլիսում՝ բազալտի և պղնձի գործարան, իսկ հումքը և էներգիան Հայաստանում են», «42 մլն Վրաստանի առողջարանային շինարարության համար, 800.000՝ Հայաստանի առողջարանային շինարարության համար: Սա չէ՞ որ հակասում է 31.10.33ի Անդրերկրկոմի որոշումներին», «Գիտությունների ակադեմիայի Անդրֆեդերացիայի մասնաճյուղի լիկվիդացիա և այդ բազայի վրա վրացական մասնաճյուղ. Անդրֆեդերացիայի մասնաճյուղի միջոցները՝ 1.200.000 ամբողջովին տրվել են վրացական մասնաճյուղին», «Վրաց հեղինակների թարգմանություն հայերեն, իսկ հայ հեղինակներին չեն թարգմանում» ևն,-Ներսիկ Ստեփանյանի գործից), Բերիան ոչնչացնում էր բոլորին, ով կարող էր իրենից դժգոհ լինել: Նա է Հայաստանի ՆԳԺԿի ղեկավար նշանակել իր հլու հպատակին՝ Մուղդուսուն: Այս ֆիլմում ասվում է, որ Բերիան բոլշևիկ է դարձել նույնիսկ մինչև Պետրոգրադի հոկտեմբերյան հեղափոխությունը, այսինքն՝ ընդամենը 18 տարեկանում, միչդեռ հայտնի է, որ այդ շրջանում նա Բաքվում ծառայում էր մուսավաթին և բարեկամություն էր անում Միրջաֆար Բաղիրովի հետ: Սա նույն Բաղիրովն է, ով այդ շրջանում իր ազգականների հետ ջարդում էր Ղուբայի հայերին, (հաստատված է դատարանով), իսկ հետո պիտի ՛՛լաց լիներ՛՛, որ հայերը սպանել են իր ազգականներին, ինչը դարձել է ներկայիս ադրբեջանցի հետազոտողների հաղթաթուղթը: Բաղիրով-Բերիա զույգը Անդրֆեդերացի տերերն էին: Երկուսն էլ նպատակ ունեին, երկուսն էլ զգալիորեն ինքնաբավ էին և միմյանց թիկունքի ամուր կանգնած: Ամեն ինչից զատ նրանց միավորում էր նաև հակահայկականությունը: 1936ի հուլիսի 9ի Խանջյանի սպանություն/ինքնասպանությունից հետո Թիֆլիսում հրատարակվող «Заря Востока» թերթի հուլիսի 20ի «Փոշիացնել, հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» Բերիայի հոդվածով ուղղորդվում էր հայկական «հակահեղափոխական նացիոնալիզմի» գաղափարի հանրային ընկալումը: Ինչպես միշտ, դա տարածքային հարցն էր. «Հիմա արդեն պարզվել է, - գրում է Բերիան, - որ Խանջյանը տարիներ շարունակ պարբերաբար նամակագրություն է ունեցել արտասահմանում (Փարիզում) գտնվող հայկական հակահեղափոխական բուրժուա-նացիոնալիստական «Ռամկավար» կուսակցության հայտնի ներկայացուցիչ ոմն Չոպանյանի հետ: Այդ գրագրությունը Խանջյանը թաքցրել է կուսակցությունից: Խանջյանին ուղարկվող նամակներում այդ Չոպանյանը հակահեղափոխական, նացիոնալիստական խորհուրդներ է տվել Խանջյանին: …1936 թ. նամակում նոր Սահմանադրության առիթով Չոպանյանը խորհուրդ է տվել Խանջյանին դնել սահմանների վերանայման և ընդարձակման հարցը: Նա գրում է, որ խոսքը ոչ միայն Թուրքիային տրված Անիի, Արարատի, Կարսի և Սուրմալուի մասին է, այլև Ախալքալակի, Ղարաբաղի, Նախիջևանի, որոնք միշտ Հայաստանի մաս են եղել: Խանջյանը ոչ միայն այս կարգի նամակներ է ստացել, այլև հնարավոր է համարել դրանց պատասխանել և նույնիսկ հետևել այդ հակահեղափոխական խորհուրդներին… Խանջյանն ուղղակի հովանավորել է հայ մտավորականության, գրողների մի մասին՝ կատաղի նացիոնալիստական տարրերին»: 
Այս և սրան հաջորդած ֆիլմի երկրորդ մասում խոսվում է այն մասին, թե ինչպես էր Բերիան մեղմացնում ռեպրեսիաները, իհարկե շրջանցելով այն մասը, որ 1938թ. ԽՍՀՄ ՆԳԺԿի պետ դառնալուց հետո է, որ ԽՍՀՄում մեծ թափ են հավաքվում ՛՛պատժված ժողովուրդների՛՛ դեպորտացիաները՝ հայրենազրկումը, այդ թվում՝ հայերի (Ղրիմի հայերը, համշենահայերը, 1949ի հայկական դեպորտացիան Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանից և Ռուսաստանի հարավից): Այս ֆիլմերում մնում է ավելացնել, որ Բերիան մեծ հումանիստ էր:

 

Լրահոս

Դիտել ավելին