Կարևոր իրադարձություններ

Ակնկալում ենք ղազախական կողմի հավասարակշռված և զուսպ մոտեցումը ԼՂ հարցի շուրջ. Արա Բաբլոյանը` Ղազախստանի Մաջիլիսի նախագահին

26 Հունիս, 2017 14:10
Ակնկալում ենք ղազախական կողմի հավասարակշռված և զուսպ մոտեցումը ԼՂ հարցի շուրջ. Արա Բաբլոյանը` Ղազախստանի Մաջիլիսի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին Սեուլում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է հանդիպել Մաջիլիսի նախագահի հետ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունների համաչափ զարգացումը տարբեր բնագավառներում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու նաեւ Հայաստան-Ղազախստան միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը՝ ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերն այդ հարցում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկկողմ այցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում:

Այս համատեքստում Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել «Աստանա էքսպո-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որի բացմանը ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ղազախստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ոչ մշտական անդամի կարգավիճակում անդամակցելու առթիվ եւ հույս հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական համագործակցությունն ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային տարբեր կառույցներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ակնկալում է ղազախական կողմի հավասարակշռված եւ զուսպ մոտեցումն այդ հարցի շուրջ՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:

ՀՀ ԱԺ նախագահը Նուրլան Նիգմատուլինին  հրավիրել է Հայաստան:

 Ղազախստանի Մաջիլիսի նախագահն Արա Բաբլոյանին շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փաստել, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակում: Նուրլան Նիգմատուլինը նկատել է, որ անհրաժեշտություն կա առավել ակտիվացնելու նաեւ համագործակցությունը մշակութային, տնտեսական ու կրթական բնագավառներում. դրա համար առկա են բոլոր նախադրյալները:

Ղազախստանի Մաջիլիսի խոսնակը նշել է, որ իրենց երկրում վերջերս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման ոլորտում երկու երկրներն ունեն ակնհայտ ընդհանրություններ: Պարոն Նիգմատուլինը փաստել է, որ Ղազախստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո օրենքները նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել. այդ հարցում հայ-ղազախական համագործակցության շնորհիվ հնարավոր է փորձի փոխանակում կատարել՝ օգտվելով Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական փոփոխություններից:

Ղազախստանի Մաջիլիսի ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ղազախստան:

 

Լրահոս

Դիտել ավելին