Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ պատվիրակությունը մարտի է պատրաստվում. «Հրապարակ»

24 Հունիս, 2017 09:55
ԵԽԽՎ պատվիրակությունը մարտի է պատրաստվում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Հունիսի 26-ին կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որն աննախադեպ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ փոխվել են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմն ու նախագահը, եւ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանն այս նստաշրջանին մասնակցելու է ոչ թե հիմնական կազմում, այլ փոխարինող է լինելու, այլեւ այն, որ ԵԽԽՎ ողջ պատմության ընթացքում առաջին անգամ դրված է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենթի հարցը։ Հակահայ դիրքորոշումներով հայտնի Պեդրո Ագրամունտի հնարավոր իմպիչմենթը, սակայն, կապված է ոչ թե հակահայ դիրքորոշման եւ «խավիարային դիվանագիտության» հետ, այլ այն բանի, որ նա առանց ԵԽԽՎ Բյուրոյին տեղյակ պահելու ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ մեկնել էր Սիրիա։ Սակայն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնի հերոսանալու եւ հաղթանակի դափնին իրենց գլխին դնելու։
 
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլյան նստաշրջանում Ագրամունտը խոստացել էր հրաժարական ներկայացնել, Բյուրոյի վերջին նիստից աննկատ հեռացել էր։ Դրանից հետո Բյուրոն որոշում կայացրեց, որ նա այլեւս ԵԽԽՎ նախագահի լիազորություններ կատարելու իրավասություն չունի: Սակայն բանն այն է, որ ԵԽԽՎ-ում, որքան էլ զարմանալի է, իմպիչմենթի կարգ գոյություն չունի, այն կներկայացվի նիստի մեկնարկին, կհաստատվի, ու կսկսվի գործընթացը։ ՀՀ պատվիրակության հիմնական կազմում չորս պատգամավոր կա՝ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը, «Ծառուկյան դաշինքից»՝ Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը։ Մյուս բոլորը փոխարինող կազմում են՝ Էդմոն Մարուքյան, Միքայել Մելքումյան, Գեւորգ Կոստանյան եւ Հերմինե Նաղդալյան»։
 

Լրահոս

Դիտել ավելին