Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ իշխանական պատգամավորները չպաշտպանեցին Կարեն Կարապետյանին

23 Հունիս, 2017 13:33
Ինչու՞ իշխանական պատգամավորները չպաշտպանեցին Կարեն Կարապետյանին

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Shabat.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարության ծրագիրը  բուռն քննարկման չարժանացավ մի քանի պատճառով. «Նախկին 25 տարիների փորձից կարող եմ ասել, որ Կառավարությունն Ազգային ժողով կարող է բերեր բավականին լավ ծրագրեր, սակայն իրականում Հայաստանի տնտեսությունը զարգանում է ոչ թե այդ ծրագրերով, այլ ուրիշ տեղում գրված և ընդունված ֆորմալ ծրագրերով:

Մասնավորապես ոչ մի ծրագրում չի գրվում, որ շաքարավազի կամ բանանի ներկրման մենաշնորհ լինի և տասնյակ այլ անուններով ապրանքատեսակներ՝ պարենային և ոչ պարենային պետք է մենաշնորհ լինի, դա չի որոշվում ծրագրով, այլ՝ մեկ ուրիշ տեղում: Այդ իսկ պատճառով զուտ ձևական տեսակետից այդ ծրագրին լուրջ վերաբերվել և ելույթներ ունենալ կամ քննադատել այն, ուղղակի իմաստ չունի»:

Մեր դիտարկմանը, թե ինչու՞ էր   «ԵԼՔ»  դաշինքին ավելի շատ հետաքրքրում՝ ո՞վ է լինելու 2018թ.-ի վարչապետը, Բադալյանը պատասխանեց. « Նրանք ըստ իրենց՝  գտել են իշխանության թույլ կողմը և  հասկանում  են, որ դա միգուցե ավելի հետաքրքիր լինի իրենց ընտրողների համար: Այդ ինտրիգային հարցն ավելի կարևոր է, քան կառավարության ծրագիրը:  Հետաքրքիր է՝  ով է լինելու 2018թ.-ի վարչապետը՝ գործող նախագահը, թե՞ գործող վարչապետը: Չնայած նրան, որ այս հարցը որևէ նշանակություն չունի՝ երկուսի միջև  տնտեսության զարգացման կամ տնտեսական ապագայի վերաբերյալ ինչ-որ մեծ փոփոխություն չկա: Երկուսն էլ նույն մոտեցումներն  ունեն, միգուցե ինչ-որ տակտիկական հարցերում տարբերություններ կան, բայց մեծ իմաստով ոչ մի նշանակություն չունի»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ հարցը հետաքրքրություն է առաջացնում հասարակության մի շատ փոքր հատվածի համար:  Այդ փոքր մասի շահերը բավարարելու համար էլ նրանք  հենց այդ հարցն են բարձրացնում:

«Հասկանալի է, եթե չլիներ 2018թ.-ի վարչապետի հարցը, ապա պետք է քննադատեին կառավարության ծրագիրը, հարցերը պետք է բխեին ծրագրից, սակայն հասկանալի է, որ ծրագիրը ոչ մի դեր չի ունենում: Այսինքն զբաղվելու էին մի բանով որն օգուտ չէր ունենալու, դրա համար փորձեցին զբաղվել մի բանով,  որը նույնպես օգուտ չունի, բայց ավելի հնչեղություն ունի»:

«ԵԼՔ»-ի կողմից վարչապետին անէմոցիա և անէքսրպեսիա ելույթի ունենալու մեջ մեղադրելու համար իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Կարապետյանին պաշտպանող ելույթներով հանդես չեկան մի պարզ պատճառով. «Հանրապետական կուսակցությունում իրենք էլ չգիտեն ով է լինելու վարչապետը 2018թ.-ին: Եթե իշխող կուսակցության այս կամ այն գործիչը պաշտպաներ վարչապետի ծրագիրն ու անձամբ Կարեն Կարապետյանին, ապա հասկանալի չէր լինի, թե 2018թ.-ին ներկայիս վարչապետին պաշտպանած այդ պատգամավորի հետ ինչ կլիներ: Դա կդիտարկվեր որպես նրա թիմի անդամ և պաշտպանել Կարեն Կարապետյանին, ստացվում է, որ դեմ ես դուրս գալիս գործող նախագահին»:

Խոսելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթի մասին, որտեղ նշել էր. «Անխախ 2018-ին վարչապետի անձից, գործ կունենաք ՀՀԿ-ի հետ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ »: Արմեն Բադալյանը սա մեսիջ չի համարում.

«Գիտեք, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը, չի որոշում Հանրապետական կուսակցությունը, և ոչ էլ նրա գերագույն մարմինը: Որոշումը կլինի Մոսկվայի համաձայնությամբ և Արևմուտքի կարծիքը հաշվի առնելով: Դրա համար Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ղեկավարները չեն կարող մեսիջ ուղարկել Կարեն Կարապետյանին կամ մյուս գործիչներին: Այսօրվա դրությամբ իսկապես պարզ չէ, թե ով է լինելու վարչապետը՝ գործող վարչապետը, գործող նախագահը, թե մեկ այլ անձ: Նման հարցերի որոշումն այլևս չի գտնվում Հայաստանի իշխանության վերահսկողության ներքո»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին