Կարևոր իրադարձություններ

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ վարչապետի գնալ–մնալու մասին խոսողներն իրենց մտքերը չեն արտահայտում. «Փաստ»

23 Հունիս, 2017 07:20
Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ վարչապետի գնալ–մնալու մասին խոսողներն իրենց մտքերը չեն արտահայտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ միանշանակ ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան եկավ առկա ճահիճը չորացնելու ցանկությամբ, բայց որքանով նրա ուժը կպատի ցանկություններն իրականություն դարձնել՝ ժամանակը ցույց կտա:

«Բոլորն են ուզում լավ ապրել, բայց հարկավոր է մարդկանց ասել, թե ինչու է հարկավոր, որ սեփական հայրենիքում լավ ապրեն: Թե չէ, բոլորն էլ կգնան ուրիշ երկրներում լավ կապրեն, բայց կարևոր է, որ սեփականատիրոջ և լիիրավ քաղաքացի դաստիարակելու տեսանկյունից այդ ամենը մատուցվի»,– ասաց Գ. Գինոսյանը:

Նրա կարծիքով՝ մտավորականի դերը երկրի հզորացման հարցում հզոր գաղափարներ առաջարկելը պետք է լինի, իսկ վարչապետերն ու նախագահները դրանք պետք է իրականացնեն: Մինչդեռ մեզ մոտ հակառակն է. սկզբում երկրի նախագահը կամ վարչապետն է ինչ–որ բան ասում, հետո մտավորականներն են սկսում դրանք հիմնավորել:

Մտավորականը հայ քաղաքական հասարակական կյանքի ճարտարապետն է, իսկ քաղաքական և հասարակական գործիչները պետք է ընդամենը աշխղեկություն անեն, որ մտավորականների նախագծած այդ «շենքերը» ճիշտ ու ամուր կառուցվեն: Իսկ այսօրվա մտավորականներն իրենց համար տաքուկ տեղ ապահովելու համար անում են այն ամենը, ինչ վերևներն են «հանձնարարում»:

«Քանի որ ժողովուրդը իշխանություններին չի վստահում, դրա համար էլ իշխանավորները գերադասում են մտավորականների շուրթերով հնչեցնել այն միտքը, որն ուզում են: Ես շատ վերապահումով եմ վերաբերում մտավորականությանը, քանի որ արվեստագետն ու մտավորականը տարբեր հասկացություններ են: Դրանք հոմանիշներ չեն: Մտավորական լինելու համար արվեստագետ լինելը դեռ բավարար պայման չէ: Եվ շատ կարևոր է այդ տարբերությունը հասկանալը: Այն անկախ մտավորականը, անկախ արվեստագետը, անկախ հայ մարդը, ով որևէ մեկի կարծիքին չի հարում և թեև սխալ, բայց սեփական կարծիքն ունի, նրան երբեք թույլ չի տրվում, որ իր ձայնը հասարակությանը հասցնի, քանի որ դա կարող է մյուսի տեսակին, կուսակցական շահերին հակասել»,– ասում է Գ. Գինոսյանը:

Նրա կարծիքով՝ հարկավոր է թույլ տալ, որ նրանք նույնպես արտահայտվեն, որպեսզի ներքին բանավեճի ժամանակ ճշմարտությունը հնարավոր լինի գտնել ու հիմնավորել: Գ. Գինոսյանը դեմ է ազգային շահի դեպքում իրար դեմ թիմերով խաղալուն և հասարակությանը մերոնքականների ու հակառակորդների բաժանելուն: Եվ եթե մի թիմը իրենից բացի մյուսի տեսակետը չի ընդունում, սկսվում է իսկական քաոսային իրավիճակ:

«Իսկ մեզ մոտ ընդունված է ասել՝ «ոնց կարող է ինքը բան ասել» կամ «ինքը ով է, որ բան ասի»: Սա ոչ թե ազգային մտածելակերպ կամ թերություն է, այլ իմ կարծիքով դրսից ուղղորդվող երևույթ, որպեսզի հայերիս մոտ թերարժեքության բարդույթ ձևավորվի: Բոլորին իրար դեմ են հանում, պառակտում ու ջլատում են ուժերը, քանի որ այդպես շատ ավելի դյուրին է դառնում մարդկանց կառավարելը: Եթե դրան գումարում ենք եսակենտրոնությունը, ապա ստացվում է այնպես, որ տապալվում են ամենահանճարեղ ու ազգափրկիչ գաղափարներն անգամ, որովհետև դա ոչ թե իրենց, այլ ուրիշի գաղափարն է: Շերլոք Հոլմսն ասում էր՝ ամեն հանցագործության մեջ հետևեք ֆինանսական հոսքերին: Ինչ վերաբերում է վարչապետի գնալու կամ մնալու մասին խոսակցություններին, հարկավոր է ուշադրություն դարձնել, թե նման մտքերի ետևում ով է կանգնած և կհասկանաք, թե դա որտեղից է ուղղորդվում: Եվ ես չեմ կարծում, որ նման հարցադրումներ անողները իրենք իրենց մտքերն են արտահայտում»,– ասաց Գ.Գինոսյանը:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին