Կարևոր իրադարձություններ

Արցախի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի թեմայով

22 Հունիս, 2017 15:59
 Արցախի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի թեմայով

Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղնախարար Արամ Մխոյանի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի և մթերման հետ կապված մի շարք հարցեր:

Գյուղնախարար Արամ Մխոյանը ներկայացրել է բերքահավաքի վերաբերյալ ցուցանիշներ, համաձայն որոնց հունիսի 22-ի դրությամբ հանրապետության տարածքում կատարվել է շուրջ 14 հազար հա հունձ՝ 25,3 ցենտներ միջին բերքատվությամբ, որն անցած տարվա ցուցանիշը գերազանցում է 2,7 ցենտներով: Առ այսօր հնձվել է 1000 հա ցորենի ցանքատարածություն՝ 34,2 ցենտներ միջին բերքատվությամբ, և 13 հազար հա գարու ցանքատարածություն՝ 24,9 ցենտներ բերքատվությամբ: Ա. Մխոյանի հավաստմամբ՝ հացահատիկային բերքահավաքի հետ կապված տեխնիկական խնդիրներ չկան, աշխատանքների բնականոն կազմակերպմանը որոշակիորեն խոչընդոտում են տեղումները:

Ա. Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներից հետաքրքրվել է բերքահավաքի ընթացքում առաջացող խնդիրներով և լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին՝ բերքը հնարավորինս անկորուստ հավաքելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին