Կարևոր իրադարձություններ

«Այո՛, լինելով պատերազմական վիճակում, մենք կարող ենք ու պարտավոր ենք զարգանալ». Արմեն Ռուստամյան

22 Հունիս, 2017 13:22
«Այո՛, լինելով պատերազմական վիճակում, մենք կարող ենք ու պարտավոր ենք զարգանալ». Արմեն Ռուստամյան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթն ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ.

«ՀՀ կառավարության ծրագրի հիմքում ընկած է ոչ թե այն, թե տվյալ պահին, ով է վարչապետը կամ ովքեր են կառավարության կոնկրետ անդամները, այլ այն, ինչը հստակ արձանագրված է ծրագրի սկզբում՝ ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերը, կոալիցիոն հռչակագիրը և հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարները:

Ավելին, այն օրգանական կապի մեջ է 2016 թվականի հոկտեմբերին ներկայացված նախորդ կառավարության ծրագրի հետ:

Հետևաբար հարց չի կարող առաջանալ, թե ինչու է ծրագիրը վերաբերում 17-22թթ.:

Մեզ համար այս ծրագրի գլխավոր առանձնահատկությունը, ինչով այս ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մյուսներից, այն է, որ կառավարությունը իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված ¦Զարգանալ չզիջելով§ դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը:

Կառավարության այս ծրագիրը, ըստ էության, կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքներին և մարտահրավերներին, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը:

Կառավարությունը փաստացի ստանձնում է հենց այսպիսի հանձնառություն և հայտ է ներկայացնում ապացուցել առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակությունը:

Մենք ազգովի առաքելություն ունենք ապացուցելու, որ աշխարհաքաղաքական այս բարդագույն իրավիճակում իսկապես կարող ենք մեր հույսը մեր վրա դնել: Այս վստահությունն ու լավատեսություն են ուզում հասարակությանը ներշնչել կառավարության ծրագրի հեղինակները: Սա է գլխավոր ուղերձը:

Այո՛, լինելով պատերազմական վիճակում, մենք կարող ենք ու պարտավոր ենք զարգանալ:

Կառավարությունը, քաջ գիտակցելով երկրի դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձևավորելով դրա համար բավարար արտաքին և ներքին ռեսուրս: Ողջունելի է, որ վարչապետը ծրագիրը ներկայացրեց համադրելով կատարվածն ու անելիքը, ինչը պատասխանատու և հաշվետու լինելու և ապագա ծրագրերի նկատմամբ վստահություն ունենալու դրսևորում է:

Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիվանագիտություն իրականացնելու, սփյուռքի մեր ներուժը զորաշարժի բերելու միջոցով մեր արտաքին բազմակողմանի քաղաքական և տնտեսական կապերը ամրապնդելու և դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետևողականորեն ընդլայնելու մեջ է:

Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրավականը հայ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է, ներազգային համերաշխության ու արդարության ապահովումը:

Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձևավորելուն են կոչված ծրագրային այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են հատկապես՝

– միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադեմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդյունավետությունը, մասնավորապես կառավարություն-վարչապետ-նախարար սահամանդրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների պատշաճ օրենսդրական կարգավորում

– խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրում

Ինչը նախորդ ծրագրում կար, այստեղ կարծում եմ բաց է թողնվել, առաջարկում ենք վերականգնել

– արդարադատությունը երաշխավորող նոր անկախ և անաչառ դատական համակարգի ձևավորում

– հասարակության լայն վստահությունը վայելող կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնում, ինչի համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներն արդեն կատարված են

– բարձր որակավորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն

– Հայաստանի, Արցախի և սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացում, հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծում:

Ի դեպ թե՛ մեր, թե՛ հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում Հայոց ցեղասպանության ճանաչումից ու դատապարումից բացի կարևորվել է նաև ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը, ինչ բացակայում է ծրագրում: Առաջարկում ենք համապատասխան տեղում լրացնել այս բացը:

Գործ անելու որևէ մոտիվացիա ունի միայն լավատեսը, ոչ  երբեք հոռետեսը: Վատատեսի մոտիվացիան, վատը գուշակելով, սեփական վատատեսությունը արդարացնելն է:  Սա լավատեսությամբ ներշնչված գործնական ծրագիր է: Մենք հավատում ենք այս լավատեսությանը: Միաժամանակ քաջ գիտակցում ենք, որ հավատն առանց գործի մեռած է, և ուրեմն ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին