Կարևոր իրադարձություններ

Հայաստանին էս էր պակասում. տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել. «Փաստ»

22 Հունիս, 2017 07:20
Հայաստանին էս էր պակասում. տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի և իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով նոր կուսակցություն, որպեսզի կարողանան ոլորտում առկա խնդիրների դեմ ավելի հիմնավոր պայքարել և փրկել տաքսու վարորդների պատիվը, որը կործանել են հայոց նախկին և ներկա կառավարությունները: Պայքարի ուղղությունները բազմաթիվ են, սակայն հիմնական պայքարը լինելու է վարորդների իրավունքների պաշտպանությունը և ոլորտում առկա խնդիրների լուծումները գտնելը:

«Ընտանիք կամ գերդաստան չկա, որտեղ տաքսիստներ չլինեն: Եվ եթե դիտարկեք, ապա ներկա տաքսիստների մեջ ուսանողներ էլ կան, թոշակառուներ էլ, գիտնականներ էլ, քանի որ ավելի հարմար է նման ձևով գումար աշխատելը: Եվ այն, ինչ որ այսօր ասում են կառավարության նիստերի ժամանակ, թե տաքսիստների մեջ թմրամոլներ, չստիկներով կամ անթրաշ մարդիկ են աշխատում, մենք ավելի վաղ էինք պահանջում, որ նրանց մեր շարքերից հեռացնեն: Բայց մեր պահանջները մշտապես անտեսվում են»,– ասաց Տ. Հովհաննիսյանը:

Նրա պնդմամբ՝ կառավարությունն ինքն է հոգեկան հիվանդներին «ներդնում» ավտովարորդների շարքերում, որպեսզի ակցիաների ժամանակ խժդժություններ հրահրեն և հասարակության մեջ ատելություն սերմանեն այդ դժվարին մասնագիտության տեր մարդկանց հանդեպ:

«Կառավարությունն ինքն է թույլատրում չստիկներով, թրաշով, թմրամոլ, հոգեկան հիվանդ մարդկանց նման գործունեությամբ զբաղվեն և տարին մեկ էլ գոռում են, թե ոլորտը կանոնակարգելու համար շուտով օրենք են մտցնելու: Բայց իրականում կառավարությունը օրենքներ գրելու համար գումար է ստանում, այդ պատճառով էլ այնպես չի անում, որ խնդիրները միանգամից լուծվեն: Այնպիսի օրենքներ են գրում, որ դրանք շիտակ չլինեն ու միշտ հասարակություն–ավտովարորդներ դաշտում կռիվ լինի, կառավարությունն էլ անընդհատ օրենք գրի ու փող աշխատի:

Մեր պահանջն է, որ վարչապետը տղամարդավարի դուրս գա իր կաբինետից, իջնի ժողովրդի մեջ ու ընդունի, որ տաքսու ոլորտում բիզնես–ցեղասպանություն է իրականացվում, որի սկիզբը դրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից»,– ասաց Տ. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանի վարչապետության տարիներին տաքսու վարորդներին ստիպեցին մտնել հարկային դաշտ, սահմանեցին օրենք, որ տաքսիները պետք է մինչև տասը տարվա արտադրության լինեն: Հետո հանեցին այդ օրենքը և այն մարդիկ, ովքեր ստիպված էին եղել վարկով մեքենա գնել, ընկան բազմաթիվ խնդիրների ու պարտքերի մեջ:

«Մարդկանց խաբեցին, մինչև 10 տարեկան մեքենա գնել տվեցին, որի վարկի գումարը տոկոսներով կազմեց 15–20 հազար դոլար: Մի քանի օլիգարխի մեքենաները կապեցին մարդկանց ջանին, հետո օրենքը հանեցին: Եվ ստացվեց, որ այն գումարով, որով մարդիկ կարողացել էին պարտքով ընդամենը մի մեքենա գնել, մյուսները նույնքան գումարով 10 հատ «Օպել» մակնիշի մեքենա բերեցին Վրաստանից: Այնինչ մոտ 15 հազար հոգի այդքան գումարով ընդամենը մեկ մեքենա էր կարողացել գնել: Մարդկանց քաշեցին, մարդկանց քցեցին և ընտանիքներ եղան որտեղ մարդիկ ինքնասպանություն գործեցին: Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ մարդիկ դրա պատճառով կախվեցին և վերջ տվեցին իրենց կյանքին, քանի որ չկարողացան դիմանալ վարկերին ու դրանց տոկոսներին»,– ասաց Տ. Հովհաննիսյանը:

Նա այս ամենը բիզնես–ցեղասպանություն անվանեց՝ նշելով, որ այդ տերմինի հեղինակն ինքն է, և հավելեց, որ ինչ–որ մեկի հարստացման նպատակով տեղադրված տեսախցիկներն ու կարմիր գծերը նույնպես վարորդներին ինքնասպանության է հասցրել և հասցնում: Տ. Հովհաննիսյանի խոսքով՝ բազմաթիվ չլուծված հարցեր կան ոլորտում, որոնք նախորդ, թե ներկա կառավարությունները չեն ցանկանում լուծել: Նա նաև շեշտեց, որ վարորդներին բիզնես–ցեղասպանության ենթարկել է նախորդ նախարար Գագիկ Բեգլարյանը, բայց այդ «թուրը» նրան տվել է Տիգրան Սարգսյանը:

«Տրանսպորտի նախարարները ոլորտից չեն հասկանում, որ խնդիրները լուծեն: Դրա փոխարեն Հյուսիս–հարավ մայրուղու գումարներն են թալանում, գրանտներ են ստանում, ուտում, բայց ոլորտի առողջացման համար ոչինչ էլ չեն անում: Մենք էլ ստիպված կուսակցություն ենք ձևավորել, որպեսզի մեր վարորդների խախտված իրավունքները պաշտպանենք ու թույլ չտանք, որ նրանք ցեղասպանության ենթարկեն»,– ասաց Տ. Հարությունյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին