Կարևոր իրադարձություններ

Մուշեղ Պետոյան. «Էն տղամարդը, ով կնոջ կաբինետը գաղտնալսում է, պիտի յուբկեն հագնի, ման գա». «Փաստ»

21 Հունիս, 2017 07:35
Մուշեղ Պետոյան. «Էն տղամարդը, ով կնոջ կաբինետը գաղտնալսում է, պիտի յուբկեն հագնի, ման գա». «Փաստ»

Նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, խորհրդարանի վերջին ընտրություններում ՀՀԿ–ից առաջադրված և պարտված Մուշեղ Պետոյանը «Փաստի» հետ զրույցում պնդում է, որ «ոչ մի կոպեկ» պարտք չէ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնենք, որ մամուլում գրվել է, թե Պետոյանը «Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել է», քանի որ դեռ ԲՀԿ–ական եղած ժամանակ 2 միլիոն դոլար է վերցրել Ծառուկյանից՝ Արթիկում ինչ–որ գործեր անելու համար:

Պետոյանը պատրաստվում է կրկին մասնակցել Արթիկի քաղաքապետի ընտրություններին, քանի որ համայնքների խոշորացման արդյունքում աշնանը կամ ձմռան սկզբին կրկին քաղաքապետի ընտրություններ են լինելու Արթիկում:

Նշենք, նաև որ խորհրդարանի ընտրություններից հետո Մուշեղ Պետոյանի մրցակից, Արթիկի ՀՀԿ–ական քաղաքապետ Մխիթար Վարագյանը ազատվել է Պետոյանի կողմնակիցներից՝ նրանց ազատելով աշխատանքից: Բացի դա, Պետոյանի կողմնակիցներից մեկի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը կամ պահելը: «Փաստի» հետ զրույցում Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը պնդել էր, որ ոչ ինքը, ոչ իր տեղակալը առնչություն չունեն մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի սենյակում հայտնաբերված գաղտնալսման սարքի՝ «ժուչոկի» հետ:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Մուշեղ Պետոյանի հետ:

– Պարոն Պետոյան, փաստորեն արդեն վերադարձել եք Հայաստան, Ձեր ֆինանսական խնդիրները լուծվե՞լ են:

– Բայց ո՞ւր եմ եղել, որ վերադարձել եմ, մի շաբաթով գնացել եմ հանգստանալու, դա ի՞նչ նշանակություն ունի:

– Մամուլում տեղեկություն կա, որ Դուք Գագիկ Ծառուկյանին ունեցած 2 մլն դոլար պարտքի պատճառով եք հեռացել Հայաստանից:

– Երբևէ ֆինանսական խնդիր չի եղել պարոն Ծառուկյանի հետ, և էդ մարդու հետ մենք մարդկային նորմալ, ճիշտ հարաբերությունները պահպանել ենք: Չգիտեմ՝ ինձ ուզում են վարկաբեկել դրանով, թե ինչ են ուզում անել, երբեք չի եղել նման բան ու չի էլ լինելու:

– Պնդում եք, որ պարտք չե՞ք:

– Իհարկե՝ ոչ: Երբևէ պարտքով մի կոպեկ չեմ վերցրել պարոն Ծառուկյանից: Անկապ խոսակցություններ են հակառակորդ ուժերի կողմից: Երբևէ ֆինանսական խնդիրներ չեմ ունեցել: Երբևէ անգամ տհաճ խոսակցություն չի եղել իմ ու Ծառուկյանի մեջ:

– Հակառակորդ ուժեր ասելով ո՞ւմ նկատի ունեք:

– Մեր տեղի հակառակ ուժերի մասին է խոսքը, ովքեր ինձ հետ փորձում են ընտրությունների ընթացքում պայքարել:

– Խոսքը քաղաքապետ Մխիթար Վարագյանի՞ մասին է:

– Չեմ կարող կոնկրետ ասել՝ Վարագյանի մասին է, թե որ ուժերի մասին է: Նրանք, որոնք ընտրությունների ժամանակ փորձում են ինձ հետ մրցել, փորձում են վարկաբեկել: Ի՞նչ է նշանակում՝ Պետոյանը փախավ, Պետոյանը միշտ էլ իր թիմակիցների կողքին է: Պետոյանը ումի՞ց պիտի փախնի կամ ինչի՞ համար փախնի:

– Դուք մամուլում ասել եք, որ ուզում եք նորից քաղաքապետի պաշտոնի համար պայքարել, քանի որ համայնքների խոշորացման արդյունքում նոր ընտրություններ են լինելու: Կարծում եք այս անգամ Ձեզ կհաջողվի՞ հաղթել, քանի որ նախորդ անգամ չհաջողվեց:

– Նախորդ անգամ Արթիկի ժողովուրդը խաբվեց, չհաջողվեց: Աշխատատեղերի հույս ունեցան, որ պիտի ֆաբրիկաներ բացվեն, 700 աշխատատեղ, մարդիկ էին արդեն ցուցակագրվում, հետո տեսան, որ ոչ մի նման բան չկա, ի՞նչ ֆաբրիկա, ի՞նչ աշխատատեղ: Չգիտեմ, ով պիտի լինի, որ միանգամից 700 աշխատատեղ բացի: Կարելի է միանգամից հերոսի կոչում տալ: Ես անհիմն, ամպագոռգոռ խոստումներ երբևէ չեմ տվել որևէ քաղաքական պրոցեսի ընթացքում: Չի կարելի ժողովրդին խաբել:

– Վերջերս Արթիկում Ձեր կողմնակից մանկապարտեզի տնօրենն ազատվեց աշխատանքից: Դա Ձեզ պաշտպանելու արդյունքո՞ւմ էր:

– Դա փոքրոգություն եմ համարում: Չի կարելի էդ աստիճան վրեժխնդիր լինել՝ եթե դու ինձ չես ընտրել, պիտի պարտադիր չաշխատես: Երկու մանկապատեզի տնօրենի են ազատել և էլի շատ մարդկանց են ազատել անհիմն:

– Իսկ Ձեր կողմնակիցները դիմելո՞ւ են դատարան՝ աշխատանքային իրավունքները վերականգնելու համար:

– Կարծեմ դիմելու են, իհարկե կդիմեն, քանի որ իրենց անհիմն ազատել են աշխատանքից: Իհարկե, դա վրեժխնդրություն է:

– Իսկ մանկապարտեզի տնօրենի գաղտնալսումը ինչպե՞ս եք գնահատում:

– Կոնկրետ չեմ կարող մեղադրել՝ ով է դա արել, բայց ով էլ որ արել է, էն էլ կնոջ կաբինետում, ամենավատ բառերով կարելի է գնահատել: Կաբինետում, որտեղ կանայք են, ինչի՞ մասին էին ուզում լսել: Դա նորմալ հայ տղամարդուն վայել բա՞ն է: Պիտի յուբկեն հագնի, ման գա, ով որ էդպիսի բան է արել: Չեմ հասկանում՝ ԿԳԲ–շնի՞կ են, թե՞ հատուկ ծառայություններից:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին