Կարևոր իրադարձություններ

Սարի թաղի կալանավորի կին. «...Դու միշտ ունենալու ես ժողովուրդ, ամբոխ, որը դուրս է գալու քո դեմ». «Փաստ»

21 Հունիս, 2017 07:20
Սարի թաղի կալանավորի կին. «...Դու միշտ ունենալու ես ժողովուրդ, ամբոխ, որը դուրս է գալու քո դեմ». «Փաստ»

Նախորդ տարի Սարի թաղի բնակիչների և ոստիկանների բախումների արդյունքում ձերբակալված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, «Փաստի» հետ զրույցում նշում է, որ վերջին մի քանի դատական նիստերը հետաձգվել են, և ինքն անգամ դրանց թիվը չի հիշում: Նախորդ նիստը պիտի կայանար հունիսի 9–ին, սակայն հետաձգվել էր դատախազի չներկայանալու պատճառով: Իսկ դատախազը գրություն էր ուղարկել այն մասին, որ չի կարող ներկայանալ դատարան խիստ զբաղված լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 23–ին, սակայն կալանավորվածի կինը խիստ կասկածում է, թե այն կկայանա:

Լալան պատմում է, որ ամուսնուն վերջին անգամ մեկ շաբաթ առաջ է տեսել: Էդուարդ Զեյթունյանը, ըստ նրա, հյուծված տեսք ուներ, գումարած ՔԿՀ–ում ձեռք բերած հիվանդությունը: Ինչի հետ կապված էլ Լալան նշեց, որ սրտի խնդիր ունեցող ամուսնուն միայն «Վալերիանա» դեղի կոճակներ են տալիս:

Եվ չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելում են ամուսնուն և ՄԻՊ ներկայացուցչին քրեակատարողական հիմնարկում ցույց են տալիս ամուսնուն հատկացվող դեղորայքի ցանկը, սակայն ՄԻՊ ներկայացուցիչը իրեն չի կարող ասել, թե ինչ դեղամիջոցներ են դրանք, քանի որ հրապարակման ենթակա չէ:

«Մեր փաստաբանը մի քանի ամիս առաջ միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի բերդից ամուսնուս առողջական վիճակի թղթերը ուղարկեն՝ տեսնելու համար, թե ինչ հետազոտություններ են իրականացվել: Սակայն մինչև օրս մեր փաստաբանը այդ թղթերը չի ստացել»,– նշեց Լալան:

Թե ինչպես է փոփոխվել ամուսնու առողջական վիճակը այս մեկ տարվա ընթացքում, Լալան մեկ բառով բնութագրում է որպես խոշտանգում. «Ինքը նստած է, թույլ է, աչքերը փակ, ոնց որ կա ու չկայի հաշիվ ա: Եթե չեք կարողանալու քրեակատարողական հիմնարկում ապահովել մարդու նորմալ առողջական վիճակը, չեք կարողանալու նրա նորմալ սնունդն ապահովել, որ գոնե նորմերին համապատասխանի, ուրեմն խափանման միջոցը՝ որպես կալանավորում, մի՛ արեք: Պետությունից գռփած փողերը, որ գնում ա ՔԿՀ–ին, իրականում կալանավորի համար չի օգտագործվում»,– ասաց մեր զրուցակիցը:

Ասում է, եթե որոշել են այդ 10–ի աչքը վախեցնել, ապա արդեն մի տարի վախեցած են նրանք: Ըստ նրա, եթե հանրապետության նախագահն ուզում էր, որ դա որպես օրինակ լիներ բոլորի համար, ուրեմն բարի լինեին կառավարեին երկիրն այնպես, ինչպես հարկն է:

«Քաղաքապետարանն ինչի՞ համար է: Որ ժամանակին տեղեկացնի, որ դուք չեք ունենա լույս, գազ, տրանսպորտ, երկրում արտակարգ իրավիճակ է: Եթե դու չես կարողանում քո համապատասխան կառույցները աշխատեցնել նորմալ, դու միշտ ունենալու ես ժողովուրդ, ամբոխ, որը դուրս է գալու քո դեմ»,– նշեց Լալան:

Ըստ նրա՝ Սարի թաղի 10 կալանավորվածներին պահելու իմաստը նրանց դիմաց գումար ստանալն է:

«Քրեակատարողական հիմնարկները պետությունից գումար են վերցնում: Ինձ թվում է այդտեղ գնում է մեծ կոռուպցիա, բայց իրանք նույնիսկ 600 դրամի սնունդ չեն տալիս: Մենք ենք այդ սնունդը տանում: Եվ հանձնուքի հանձնման կետերում ահավոր հերթեր են: Նախորդ շաբաթ ես ուղիղ 4,5 ժամ իմ երեխայի հետ կագնել եմ, որպեսզի ամուսնուս հագուստ ու ծխախոտ փոխանցեմ: Ինձնից հետո գալիս են հաստավիզ մարդիկ, 15 հատ տոպրակներով ինձնից առաջ անցնում, մտնում, տալիս ու դուրս գալիս: Ի՞նչ է, պետք է ես էլ ծանոթ–բարեկամ ունենա՞մ, որ գնամ հերթս հասնի, ես իմ հանձնուքը հանձնեմ: Բարդակ իրավիճակ է ստեղծված»,– ասաց Էդուարդ Զեյթունյանի կինը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին