Կարևոր իրադարձություններ

Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր կունենա` անունն արդեն հայտնի է. «Հրապարակ»

20 Հունիս, 2017 09:33
Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր կունենա` անունն արդեն հայտնի է. «Հրապարակ»

Առաջիկայում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր կունենա, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Իսկ ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին՝ ամբիոնի վարիչ։ Բանն այն է, որ Գասպարյանի պաշտոնավարման 5 տարին լրացել է, այժմ նոր մրցույթ պետք է հայտարարվի։ Կմասնակցի Գասպարյանը, թե ոչ, չհաջողվեց ճշտել, նա չպատասխանեց մեր զանգին։

Հիշեցնենք, որ Գ․ Գասպարյանը 2012թ․ ռեկտոր էր դարձել մեծ սկանդալի արդյունքում, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել էր ռեկտոր Սուրեն Զոլյանին, ով երկար պայքարում էր իր իրավունքների համար։ Նշենք, որ Կարինե Հարությունյանը փոխնախարար է 2010-ից, մինչ այդ ԿԳՆ-ում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, մասնագիտությամբ ֆիզիկոս է, անվանի գիտնական, կրթության նախկին նախարար Վիլիկ Հարությունյանի դուստրը։ Փոխնախարարի ամուսինն էլ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանն է։ Թե երբ կլինի մրցույթը, ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ համալսարանը ՊՈԱԿ-ից դարձել է հիմնադրամ, ըստ այդմ՝ պետք է սպասեն կառավարության որոշմանը, որից հետո պետք է ձեւավորվի խորհուրդ, նոր հայտարարվի մրցույթ։ Բրյուսովի անվան համալսարանից պարզեցինք, որ հունիսի 8-ին կառավարությունն արդեն որոշում կայացրել է, ըստ այդմ՝ եռամսյա ժամկետում պետք է ձեւավորվի խորհուրդ, որից հետո հայտարարվի մրցույթ։ Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարինե Հարությունյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին