Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը փաստի առաջ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին. «ՀԺ»

20 Հունիս, 2017 09:07
Մինսկի խումբը փաստի առաջ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան բավական լարված ֆոն ունեցավ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, ինչպես Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում:

Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղության ամրապնդման ծրագիրը, հետաքննության մեխանիզմների տեղակայումը`թեկուզ միակողմանիորեն, եւ բանակը նոր ու ժամանակակից սպառազինություններով համալրելու խնդրի լուծումը: Պաշտոնական Երեւանը, սակայն,  եւս մեկ ռազմակավարական ուղղություն է հետապնդում, այն է` միջազգային հանրության աչքում եւ հատկապես հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերություններում Ադրբեջանի վարկաբեկումը: Այս  ռազմավարության հեռահար նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է:

Այս ուղղությամբ առաջընթացը եթե նույնիսկ կա էլ, ապա ծայրահեղ դանդաղ տեմպերով է եւ դժվար տեսանելի: Ամենախոշոր ձեռքբերումը մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը խախտել է զինադադարը:

Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր ռազմական օբյեկտ, որը մասնակի վնասվել էր, մարդկային կորուստների մասին խոսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կյանքերի մասին է խոսքը: 

Սակայն Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունն արդեն իսկ չէր խոսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստվում է հերթական հասցեական հայտարարությունն անելուն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, եւ փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը: 

«Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում: Հայտարարության այս հատվածը էլ ավելի մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսյանի վրա: Արդյոք Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն է հայտնել: Ավելի հավանական է, որ ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հայտարարությամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, եւ առաջիկայում պաշտոնական Երեւանի հայտարարություններում սա կերեւա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին