Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի առաջարկը քննարկելու փոխարեն... նրան մեկուսացրին. «Փաստ»

20 Հունիս, 2017 07:35
Սամվել Բաբայանի առաջարկը քննարկելու փոխարեն... նրան մեկուսացրին. «Փաստ»

ՀՀԿ–ի և Արցախի խորհրդարանի կազմակերպած Հայկական կուսակցությունների 3–րդ համաժողովին չեն մասնակցել Արցախի ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ազգային վերածնունդն» ու «Շարժում 88–ը»:

«Փաստի» հարցին, թե ինչն է պատճառը, որ իրենց կուսակցությունը չի մասնակցել Արցախում կուսակցությունների հավաքին, այն դեպքում, երբ Հայաստանի ընդդիմադիր որոշ կուսակցություններ էլ էին մասնակցում դրան, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց. «Ոչ միայն մենք էինք բոյկոտել ֆորումը, այլ նաև Արցախի մեկ այլ խորհրդարանական կուսակցություն` «Շարժում–88»–ը: Պատճառն այն է, որ մենք անցյալ տարվա ֆորումի ընթացքում առաջարկել ենք «եզրափակիչ հռչակագրում» կետ մտցնել, որով կուսակցություններին զերծ կպահեին իրենց ղեկավար և պաշտոնյա անդամներին Արցախի տարածքային զիջումների վերաբերյալ հայտարարություններից: Մեր այս առաջարկը մերժվել է, ինչի պատճառով էլ այս տարի չենք մասնակցում ֆորումին»:

Համաժողովի օրը հայկական կողմից միանգամից 4 զոհ եղավ: Ըստ Խանումյանի՝ այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանը մաշող պատերազմի մարտավարություն է ընտրել, և սրան հակազդելու միակ տարբերակը հայ զինվորի խոցելիությունը նվազեցնելն է, ընդհուպ զրոյացնելը. «Այս պահին ադրբեջանցիները դիվերսիոն հաջողությունների հնարավորություն գործնականորեն չունեն, դիպուկահարներից կարելի է խուսափել ուշադիր լինելու շնորհիվ: Թշնամուն մնացել է հրետակոծումը, այս փուլում` հրետանու և նռնականետների օգտագործումը, ինչն էլ կատարում է: Հարկավոր է անցնել սահմանի վերազինման նոր որակի, ինչը մի քանի հարյուր միլիոն դոլար է պահանջում: Վերազինման առաջարկներ հստակ և հիմնավորված դեռ 2013 թ. ներկայացվել են ՀՀ և ԱՀ որոշում ընդունողներին: Սակայն առաջարկողը՝ Սամվել Բաբայանը, այժմ մեկուսարանում է»:

Հարցին, թե Սամվել Բաբայանի որևէ առաջարկ չի ընդունվել, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Շատ հաճախ, երբ կառավարող խմբին առաջարկներ են ներկայացվում, դա նրանք ընդունում են թշնամաբար: Արդյունքում կարևոր առաջարկներ ոչ միայն չեն ընդունվում, այլ դրանց շուրջ քննարկում տեղի չի ունենում, ամենաշատը` սկսում են ծաղրել առաջարկները կամ հայհոյել առաջարկ ներկայացնողին: Սրա հետևանքով է, որ մենք ունեցանք 2016 թ. ապրիլը` տասնյակ զոհերով հանդերձ: Նույնը վերաբերում է այսօրվան: Սամվել Բաբայանը հստակ ու մանրակրկիտ առաջարկներ էր ներկայացրել` կցելով արհրաժեշտ սպառազինությունը և քայլերը, որոնք հարկավոր է կատարել: Նրան այս խնդրի շուրջ քննարկման հրավիրելու փոխարեն սարքովի գործով պահում են մեկուսարանում: Սա անընդունելի վարքագիծ է»:

Արցախի ընդդիմության ներկայացուցիչը նաև անընդունելի է համարում, որ սեփական պարտականությունները կատարելու փոխարեն որոշում ընդունողները իրենց խոսնակների մակարդակով հույսը դնում են միջազգային հանրության վրա, որը պետք է գա և զսպի Ադրբեջանին:

Ուստի, ըստ Խանումյանի, հանրային մեծ ճնշում է հարկավոր` որոշում ընդունողներին ստիպելու սահմանի վրա անհրաժեշտ մի քանի մլն ծախսերն անելու համար: «Չանելու դեպքում մեծածավալ աշխատանքը ստիպված անելու են սեղմ ժամկետներում, սակայն մեծաքանակ զոհերի գնով: Այն, ինչ ունեցանք 2016 թ. ապրիլին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում»,– ասաց նա:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում ճնշում գործադրելը՝ սահմանի վերազինման նոր որակի անցնելու համար, հանրահավաքների տեսքո՞վ, և ո՞ր ուժը պետք է դա անի, Խանումյանն ասաց. «Նման քայլի գնալուն պետք է աջակցեն բոլոր այն ուժերը, որոնք մտահոգ են սահմանի իրավիճակով և իրական ցանկություն ունեն զրոյացնել մեր զինվորի խոցելիությունը: Սահմանի վերազինումն ու նոր որակի անցումը նախևառաջ ենթադրում է որոշակի սպառազինության ձեռքբերում, ինչը ենթադրում է մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախս բյուջեից»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին