Կարևոր իրադարձություններ

Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետ Վլ․ Գասպարյանի. դատարանը վերջապես անցավ դատաքննության փուլին

19 Հունիս, 2017 20:10
Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետ Վլ․ Գասպարյանի. դատարանը վերջապես անցավ դատաքննության փուլին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Մազմանյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական նախնական դատական  նիստը՝ «Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի» գործով:

Նիստին ներկա էին ինչպես հայցվորի ներկայացուցիչներ, փաստաբաններ Դավիթ Ասատրյանն ու Միհրան Աղաբաբյանը, այնպես էլ պատասխանողի ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանը ՀՀ ոստիկանապետին ոստիկանության համակարգում բարեփոխումների վերաբերյալ հարցրել էր. «Չենք տեսնում բարեփոխումները, ե՞րբ կտեսնենք»: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողին ասել էր. «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Լրագրող Սիրանույշ Պապյանն իր պատվին ու արժանապատվությանը ոստիկանապետի կողմից պատճառված վնասի հատուցման պահանջով հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Լրագրողը պահանջել է. «Ինձ վիրավորելու համար պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Հետագայում ևս երկու պահանջ է ավելացվել հայցին՝ ճանաչել և հաստատել հայցվորի՝ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստը, ինչպես նաև՝ հաստատել այն փաստը, որ Սիրանույշ Պապյանը ենթարկվել է գենդերային խտրականության:

Դատական այս նիստի սկզբում նախագահողը հիշեցրեց, որ նախնական դատական նիստի ժամանակ կողմերը կարող են շարունակել միմյանց հարցեր տալ՝ հայցի հիմքի ու առարկայի վերաբերյալ :

Հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը դատարանին ու պատասխանողի ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյանին ներկայացրեց համապատասխան կայքից արտատպված՝ Տեղեկատվական վեճերի խորհրդի որոշումը՝  ոստիկանապետի կողմից լրագրողի պատվի ու արժանապատվության վիրավորման վերաբերյալ:

Պատասխանողի ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյանը ներկայացվածը անվանեց «թղթեր», քանի որ դրանք իրավաբանական ուժ չունեն՝ « թղթեր են՝  ինչ-որ կայքից արտատպված… Ես չեմ վիճարկել դրանց հավաստիությունը, չեմ վիճարկել, որ այդ կազմակերպությունից են բխել տվյալ տեսակետները…»:

Նախագահողը հայտարարեց, որ հայցվորի ներկայացուցչի ներկայացրած նյութերը կցվում են գործի նյութերին:

Հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանն ասաց, որ դեռ բազմաթիվ հարցեր կան պատասխանող կողմին, սակայն որպեսզի ողջամիտ ժամկետում հայցվորի՝ արդար դատաքննության իրավունքը էլ ավելի չխախտվի, մնացած հարցերը կարծարծվեն վիճաբանությունների փուլում:

Դավիթ Ասատրյանն ընդգծեց, որ սա 8-րդ նախնական նիստն է, և արդեն իսկ խախտված է հայցվորի՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը:

Պատասխանողի ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյանը, հակառակը, պնդեց, որ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը խախտված չէ: Այն ամենը, ինչ պիտի պարզվեր նախնական դատական նիստերի ընթացքում, արդեն պարզվել է, և կարելի է անցնել դատաքննության:

Նախագահողը հայտարարեց, որ գործը դատաքննության նախապատրաստված է համարվում:

Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 18-ին, դատարանը այս գործով կկատարի դատաքննություն:

Հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը մեր զրույցում ասաց, որ դատարանը լրագրող Սիրանույշ Պապյանի հայցը վարույթ է ընդունել 2016 թվականի մայիսի 2-ին, արդեն 1 տարի 2 ամիս է անցել, բայց դատարանը դեռ նախնական դատական նիստերի փուլում է: Օրենսդիրը նախատեսել է, որ դատաքննությունը պետք է ավարտվի մեկ նիստով, սակայն այս գործով մեկ նիստով դատաքննությունը դժվար թե ավարտվի: Կարևորն այն է, որ հայցվոր կողմը ներկայացրել է բավարար ապացույցներ՝ հայցի բավարարման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին