Կարևոր իրադարձություններ

ԼՂ հարցում առաջընթաց չի լինի, քանի չեն միջամտել ԱՄՆ և ՌԴ նախագահները.ՄԽ նախկին համանախագահ

18 Հունիս, 2017 10:03
ԼՂ հարցում առաջընթաց չի լինի, քանի չեն միջամտել ԱՄՆ և ՌԴ նախագահները.ՄԽ նախկին համանախագահ

ԼՂ հակամարտությունը խանգարում է Հարավային Կովկասի տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բրայզայի խոսքով, երբ ինքը ՄԽ համանախագահներից մեկն էր, միջնորդներն առաջ էին շարժվում, քանի որ ԱՄՆ և ՌԴ նախագահները՝ Ջորջ Բուշը և Դմիտրի Մեդվեդևն ուշադիր էին այս հակամարտության հարցում և անմիջական մասնակցություն էին ունենում դրա կարգավորմանը: «ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այն ժամանակ ստեղծագործ մոտեցում ուներ ու նաև մեզ էր նման մոտեցման տանում: Իսկ հիմա ես վախենում եմ, որ ԱՄՆ-ն հստակ քաղաքականություն չունի, և ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ամբողջ աշխարհում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Թրամփը շատ էր ուզում, որ ԱՄՆ և ՌԴ հարաբերությունները կարգավորվեն: Այժմ քննություն է ընթանում ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության հարցով, և քանի դեռ այս բոլոր հարցերը չեն կարգավորվել, ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժերն անհնար են», ասել է Բրայզան:

Դիվանագետն ընգծել է, որ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից: «Կարծում եմ, որ նման բան կլինի միայն եթե դրսից հրահրեն: Առաջնագծում ՕՍԱ-յի պես ծանր զինատեսակների տեղակայում կարող է նպաստել դրան», ասել է Բրայզան և հավելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի կանխատեսում, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն իրենց անձնական ներդրումը չունենան հակամարտության կարգավորման հարցում:

«Նրանք պետք է այս հակամարտությունը օրակարգային դարձնեն ռուս-ամերիկյան հարբերություններում: Սակայն հիմա հարաբերություններն անհրաժեշտ մակարդակի վրա չեն: Համանախագահները շարունակում են իրենց աշխատանքը, ընդհանուր լեզու են գտնում, սակայն առաջընթաց չի լինի, քանի դեռ այս հարցին ուշադրություն չի հատկացվել նախագահական մակարդակով», ասել է Բրայզան:

 

Լրահոս

Դիտել ավելին