Կարևոր իրադարձություններ

Նոր ու սարսափազդու մանրամասներ Ալավերդու քրեական իրավիճակից. «Փաստ»

16 Հունիս, 2017 07:20
Նոր ու սարսափազդու մանրամասներ Ալավերդու քրեական իրավիճակից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մամուլում հաղորդագրություն տարածվեց Ալավերդի քաղաքում տեղի ունեցած մի դաժան սպանության մասին:

Մեր տեղեկություններով՝ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39–ամյա Կարեն Փիրուզյանին սպանել է Վալերի (Վալոդիկ) Դավթյանը: Նրան ձերբակալել են:

Ովքե՞ր են նրանք՝ սպանողն ու սպանվողը: Ինչո՞ւ է սպանվել, ովքե՞ր են նրանց թիկունքին:

Հարգելի ընթերցողնե՛ր, պինդ «բռնվեք», Վովա Գասպարյա՛ն, Դուք էլ պինդ «բռնվեք», եթե անտեղյակ եք, գրում ենք իրականությունը:

Եվ այսպես. Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել): Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը:

Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով:

2015–ի սեպտեմբերին Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին: Հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն: Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»:

Մեկ տարի առաջ՝ «կիսագողական» ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» ատրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի խմբի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին և ալավերդցի Վարդան Ավագյանին: Մինչ օրս նա հետախուզման մեջ է:

Եվ ահա երկու օր առաջ Վահագնի խմբին «հարող» Վալերի (Վալոդիկ) Դավթյանը ասես վրեժ լուծեց՝ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:

Այս նոր սպանության առիթով հայտարարվեց, թե մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանը քննչական խումբ է ստեղծել, հարուցվել է քրեական գործ (սպանություն, ապօրինի զենք–զինամթերք կրել, պահել, օգտագործել):

Իսկ որտե՞ղ էին մինչ այդ նույն Շուշանյանը, մարզի ու Ալավերդու իրավապահ մարմինները: Անտեղյա՞կ են մշտապես զենք–զինամթերք կրող, զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջապատված, ահ ու սասափ տարածող այս խմբավորումների գոյության մասին: Այն դեպքում, երբ սպանություններ արդեն եղել էին:

Ասում ենք «Ազդարարի ինստիտուտ» ենք ուզում ստեղծել: Բա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի ազդարարող չունի՞ էդ կողմերում, որ տեղեկանա, թե ինչ բեսպրեդել ու անիշխանություն է տիրում Ալավերդի քաղաքում:

Թե՞ ուզում եք իրար կոտորեն՝ պրծնեք: Բա ժողովո՞ւրդը:

Երբ Ալավերդու մեր աղբյուրին հարցրինք, թե իշխանություններն ի՞նչ են մտածում, նա կարճ պատասխանեց՝ իշխանությունները հենց իրենք են՝ Աբգարյանները: Իշխանությունները քանի՞ գլուխ ունեն, որ նրանց հախից գան:

Ի դեպ, երկու խմբավորումների տերերն էլ բավականին հարուստ են ու բազմաթիվ շարժական ու անշարժ գույք ունեն: Օրինակ՝ Վահագն Աբգարյանը, ով որոշ մարդկանց համոզմամբ, քաղաքի «նայողն է», սեփականատերն է Սանահինի հյուրանոցի, քաղաքում մի քանի դեղատների, խանութների:

Նա է առոք–փառոք շրջում շքեղ զրահապատ մեքենայով:

Երկու խնբավորումն էլ քարի հանքեր ունեն:

Տարոն Աբգարյանը Լալվարի քարի հանքի սեփականատերն է, ում հետ փայատեր է նաև ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի ղեկավարը:

Լավ, սեփականությունները մի կողմ:

Հայաստանի իրավապահ մարմինները ի վիճակի չե՞ն Ալավերդի քաղաքում «սովետական կարգեր» հաստատել, այսինքն` խմբավորումների իշխանության փոխարեն օրենքի իշխանություն հնարավոր չէ՞ հաստատել:

Երկու կողմերից դեռ քանի՞ մարդ պետք է սպանվի, դեռ Ալավերդու բնակիչները քանի՞ տարի ահաբեկված պետք է ապրեն, որ քննիչ Շուշանյանն ու ՀՀ ոստիկանապետը հասկանան, որ այս գործը պետք է «քոքից բռնեն» ու արմատախիլ անեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին