Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանն Ուկրաինային «փրկում» է ռուսական «նավթային ասեղից»»

14 Հունիս, 2017 15:41
Հեղինակ՝ Արտեմ Բալասանով
«Ադրբեջանն Ուկրաինային «փրկում» է ռուսական «նավթային ասեղից»»

Ադրբեջանը դարձել է Ուկրաինա նավթի հիմնական մատակարար։ Նավթի հիմնական մատակարարներն են`Ադրբեջանը(83,4%) և Ղազախստանը(12,6%), իսկ ՌԴ–ին բաժին է ընկնում առաքումների 2,4%–ը։

Ուկրաինան ունենալով լուրջ խնդիրներ ՌԴ-ի հետ ցանկանում է գտնել ռուսական գազից ու նավթից կախվածության թուլացման ուղիներ և Ադրբեջանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որը թույլ կտա Կիևին Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ մերձկասպյան էներգակիրներով հարուստ երկրներ՝Ղազախստան, Թուրքմենստան, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել իրանական նավթն ու գազը ստանալու համար:

Չմոռանանք, որ Ուկրաինան ու Ադրբեջանը միևնույն հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են:

«Укртранснефть»–ն ու «Укртатнафта»–ն արձանագրություն են ստորագրել ադրբեջանական նավթը Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան տեղափոխելու մասին։ Ադրբեջանական նավթը փոխարինելու է ռուսական նավթին։

«Укртатнафта»–ն ցանկություն ունի 2017-2019թթ.–ին «Azeri Light» տեսակի նավթը Օդեսայով տեղափոխել Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան։ Ծավալը կազմելու է տարեկան 1,3 միլիոն տոննա։«Azeri Light» նավթի առաքումները նախատեսվում է սկսել 2017թ.–ի հունվարի մեկից։

Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը Ուկրաինայի նավթամթերքների ռազմավարական պաշարներն ապահովող օբյեկտներից մեկն է և այն բավարարում է ուկրաինական շուկայի ավելի քան 30 %–ը օրը գործարանում մշակվում է 7000 տոննա նավթ։
Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ազեր Հուդիևը հայտարարել է, որ Օդեսա–Բրոդի նավթամուղով ադրբեջանական նավթի առաքումների վերականգնումը դեպի Ուկրաինա փոխշահավետ է և այն բազմակողմ համագործակցության տարրերից մեկն է։
Ուկրաինան փորձելու է Ադրբեջանի տրանսպորտային միջանցքներն օգտագործել իր ապրանքները՝ՌԴ-ը շրջանցելով Կենտրոնական Ասիա ու Չինաստան դուրս բերելու համար: Բաքուն ու Կիև պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ում ու այլ միջազգային հարթակներում քվեարկում միմյանց օգտին՝հակահայկական բանաձևեր ընդունելով:

Ադրբեջանն էլ հետաքրքրված է Ուկրաինայով, որպես սպառման մեծ շուկայի, այդ թվում իր նավթի ու գազի համար, որն Ուկրաինա է արտահանվում վրացական սևծովյան նավահանգստյան հզորություններով: SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի զինված ուժերի շարքերում ընդդեմ Արցախի՝ուկրաինացիները հիմնականում օդաչուներ էին ու դիպուկահարներ:

Ադրբեջանը տարիներ շարունակ տանկեր, ուղղաթիռներ, հրետանային և այլ համակարգեր է գնում Ուկրաինայից, որը դեռևսս պահպանել է խորհրդային ռազմա-արդյունաբերական ներուժը: Ուկրաինայի ու Ադրբեջանի միջև վերջերս կնքվել է Ան ռազմա-տրանսպորտային 10 ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը: Այդ ինքնաթիռները նախատեսված են զորք, զինամթերք տեղափոխելու և դեսանտ իջեցնելու համար:Արդեն իսկ հասկանալի է, թե այդ զինամթերքներն ու զինատեսակները ում դեմ է օգտագործելու Ադրբեջանը։

Ուկրաինան մեծ հեռանկարներ ունի զարգացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Կիստիոնը։
Նա նշել է, որ իրենք ցանկանում են դիվերսիֆիկացնել հեղուկ գազի մատակարարումներն ու բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։ Ըստ նրա, իրենք գազ ու նավթ են ցանկանում տեղափոխել Ադրբեջանից ու դրա համար համապատասպան տերմինալներ են կառուցում։Նա հավելել է, որ SOCAR–ը հանդիսանում է նրանց վստահելի գործընկերը։

Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից: Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումը ունի իրական հեռանկարներ հաշվի առնելով Բաքվի ու Կիևի ռազմա-քաղաքական սերտ, ռազմավարական հարաբերություններն այդ թվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում:

ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում: ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության գլխավոր նպատակը անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է: ԱՄՆ-ը այս պահին փորձում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքը օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար: Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա:

Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո Ուկրաինան կկարողանա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ իրանական շուկա՝այնտեղից նավթամթերքներ ներկրելու և դրա փոխարեն ուկրաինական հացահատիկը, ծանր արդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքը Իրան արտահանելու համար: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի օգուտներին, ապա Բաքուն դուրս կգա ուկրաինական բազմամիլիոնանոց շուկա, կդառնա տարանցիկ երկիր Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ Ուկրաինայի տարածքով մուտք կունենա նաև Մերձբալթիկա ու Լեհաստան, այսինքն ԵՄ-ի շուկա:

 

Լրահոս

Դիտել ավելին