Կարևոր իրադարձություններ

«Թեհրանում ահաբեկչություն իրականացրած անձինք սերում են Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից»

13 Հունիս, 2017 12:40
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Թեհրանում ահաբեկչություն իրականացրած անձինք սերում են Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից»

Պարզվում է, որ Թեհրանում ահաբեկչություն իրականացրած անձինք սերում են Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի (պրսկ. Օրաման) շրջանից, որտեղ բնակչության հիմնական մասը կազմում է իսլամական միջնադարում Իրանի մերձկասպյան Դեյլամի լեռնային շրջանից դուրս եկած գաղթականությունը, որը խոսում է դլմկերենին (զազայերեն), թալիշերենին և գիլաներենին մոտ գորանի լեզվի բարբառներից մեկով, սակայն էթնիկական ինքնության առումով իրեն նույնացնում է քրդերի հետ:

Այս շրջանի բնակչության հիմնական մասը սուննիական իսլամի շրջանակում հարում է սուֆիական կադիրիյյա ուխտին, որի միջավայրից էլ այսօրվա «Իսլամական պետության» նախահիմք՝ սպանված ահաբեկիչ ալ-Զարկավիի ղեկավարած «Միաստվածության և հավատո պատերազմի համայնքը» ժամանակին հավաքագրել է որոշակի թվով հետևորդներ, որոնք հետագայում մասնակցել են Իրաքի և Սիրիայի տարածքներում զինված ահաբեկչական գործողությունների:

Պատմությունն ունի տարօրինակ շրջադարձեր. մոտ հազար տարի առաջ հենց այս ահաբեկիչների նախնիները, դուրս գալով Դեյլամից, հայտնի արևելագետ Վլադիմիր Մինորսկիի եզրաբանությամբ՝ ապահովում էին արաբական և սելջուկյան արշավանքների միջև ընկած իրանական քաղաքական և մշակութային վերածննդի «ինտերմեցցոն»՝ Բաղդադի խալիֆներին պահելով որպես խամաճիկներ, իսկ այժմ զինված գործողությունների են գնում հանուն ահաբեկչական կեղծ խալիֆայության գաղափարների:

#մերհարևանԻրանը

 

Լրահոս

Դիտել ավելին