Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ցանկանում է ընդլայնել բազմաոլորտ փոխգործակցությունը Ինդոնեզիայի հետ.

13 Հոկտեմբեր, 2015 12:20
Հայաստանը ցանկանում է ընդլայնել բազմաոլորտ փոխգործակցությունը Ինդոնեզիայի հետ.

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Ջակարտա իր այցելությունը և ուրախությամբ արձանագրել է, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Նախարարը կարևորել է նաև Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցելությունը Հայաստան և ընդգծել, որ ներկայացուցչական պատվիրակության այցելությունը նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրման Գուսմանը գոհունակություն է հայտնել Երևան այցելելու կապակցությամբ և խորհրդանշական է համարել, որ այցը համընկնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևան քաղաքի տոնի հետ։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս առումով կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցության ծավալումը։

Հանդիպմանը անդրադարձ է արվել երկու երկների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրի, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրմանը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ու առաջնահերթությունները։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը ասիական տարածաշրջանի հետ և հավելել, որ այդ տարածաշրջանի երկրներում դեսպանությունների հիմնադրումը հենց այդ նպատակն է հետապնդում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին