Կարևոր իրադարձություններ

Համայնքների խոշորացումն անհրաժեշտ և նպատակահարմար գործընթաց է. տնտեսագետ

24 Մայիս, 2017 20:00
Համայնքների խոշորացումն անհրաժեշտ և նպատակահարմար գործընթաց է. տնտեսագետ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանը դրական է գնահատում համայնքների խոշորացման գործընթացը: Shabat.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համայնքների խոշորացումը մեխանիկական գործընթաց չէ և միտված է առավել արդյունավետ կառավարում իրականացնելուն:

«Այսօր, երբ Հանրապետությունում առկա են 900-ից ավելի համայնքներ, որոնց կառույցները սնվում են բյուջետային միջոցներից, իրականացնում անհասկանալի գործառույթներ, կորչում է արդյունավետ կառավարումը: Կարծում եմ՝ գործընթացի իրականացումն անհրաժեշտ է, իսկ խնդիրն այն նպատակահարմար չափերի որոշումը և սահմանումն է, որոնց հիման վրա պետք է իրականացվի համայնքների խոշորացումը»,- նշում է նա:

Վկայակոչելով անցյալի փորձը՝ տնտեսագետը կարևորում է համայնքների խոշորացման իրականացումը ժամանակակից մոդելի մշակման հիման վրա. «Նախկինում 37 գյուղական շրջաններ կային Հայաստանում, կառավարման հստակ համակարգ կար՝ իր գործառույթներով: Հարկավոր է դրան մոտ և ժամանակակից պահանջները հաշվի առնելով նոր մոդել մշակել և կիրառել: Համայնքների խոշորացման արդյունավետության մասին է վկայում նաև միջազգային փորձը:

Հայկ Սարգսյանը նշում է, որ համայնքների խոշորացումը նպաստելու է արտադրության ճիշտ կազմակերպմանը, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխմանը և օգտագործամանը. «Ֆինանսական, ինստիտուցիոնալ կառավարման, գաղափարական, ինչու չէ, նաև մարդկանց հոգսերը թեթևացնելու առումներով համայնքների խոշորացման գործընթացը դրական քայլ եմ գնահատում»:

Դիտարկմանը, թե համայնքների խոշորացումը կհանգեցնի խոշորացվող համայնքներում աշխատատեղերի կրճատման, Սարգսյանն արձագանքում է. «Բոլոր տիպի կրճատումները, եթե դրանք արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում, տեղին են և անհրաժեշտ: Նման մտածելակերպով առաջնորդվելու դեպքում երկիրը կարելի է վերափոխվել սոցիալական ապահովության ծառայության գործառույթներ կատարող կառույցի, որտեղ մարդիկ, առանց աշխատելու, կենսաթոշակներ և նպաստներ պետք է ստանան: Աշխատատեղը պետք է ունենա բարձր արդյունավետություն: Ֆիկտիվ ծանրաբեռնվածությունը վնասակար է թե՛ մարդկանց և թե՛ երկրի համար»:

 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին