Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ­-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ

22 Մայիս, 2017 21:13
Թուրքիայի Նախագահը համաձայնել է ՀՀ ԱԳ փոխնախարարի տեսակետին, որ ՍԾՏՀ­-ն ԼՂ հիմնահարցի քննարկման հարթակ չէ

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս, համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ­-ն ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 21­-22­-ը Ստամբուլում կայացած ՍԾՏՀ նախարարական նիստի, ապա դրան հաջորդած գագաթաժողովի ընթացքում հնչեցին հակահայկական ելույթներ Ադրբեջանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ­Գուլիևի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կողմից:

Գուլիևն իր ելույթն ամբողջությամբ նվիրել էր հակահայկական քարոզչությանը՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն ելույթ էր ունեցել և, ընթացակարգային սահմանափակումների պատճառով պատասխան ելույթով հանդես գալու հնարավորություն չուներ:

Գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ասադովն իր ելույթում ավելի հեռուն գնաց. նրա կողմից արված հայտարարությունները դուրս էին նույնիսկ հասարակ հակահայկական քարոզչության շրջանակներից և կրում էին Հայաստանի և երկրի ղեկավարության հասցեին վիրավորական տարրեր: Նա, մասնավորապես, Հայաստանը «պարզունակ» երկիր անվանեց, որի ղեկավարությունը «պարզունակ մտածելակերպ» ունի և այնուհետև հայտարարեց, որ իրենք հետ են վերցնելու իրենց հողերը:

Այս անգամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով գլխավորում էր Հայաստանի պատվիրակությունը, իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Ասադովի, այլև Գուլիևի՝ նախորդ օրը հնչեցրած մեղադրանքներին, մասնավորապես, նշելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց պարզունակ ելույթներով կրկին փորձ կատարեցին չարաշահել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն վայրը չէ, իսկ ՍԾՏՀ-­ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- ­ նշեց Հովակիմյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի մեղադրանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը մատնանշեց, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան պատերազմի սանձազերծումը, այն իրավունքի մերժումը, որն իր ամրագրումն է գտել և՛ որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթում, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում: Աշոտ Հովակիմյանը նաև հիշատակեց 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի և դրա հետևանքով ստեղված իրադրության հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին՝ ընդգծելով, որ թեև ապրիլյան ագրեսիայից հետո գումարված երկու գագաթնաժողովների ժամանակ ձեռք են բերվել համաձայնություններ՝ ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, Բաքուն մինչ օրս ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ համաձայնությունների կյանքի կոչումը և դրանով հենց ինքն էլ նպաստում ստատուս քվոյի պահպանմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գագաթաժողովին Աշոտ Հովակիմյանի ելույթը նախատեսված էր վերջում, և ընթացակարգը պատասխան ելույթի հնարավորություն չէր ընձեռում, Հայաստանի պատվիրակին պատասխանեց Թուրքիայի նախագահը, ով վարում էր նիստը: Վերջինս, համաձայնելով, որ ՍԾՏՀ-­ն ԼՂ­ի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշեց, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ վարչապետը, ներկա է գագաթաժողովին: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավելի տևող այս խնդրի լուծումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին