Կարևոր իրադարձություններ

546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման համար. «Հայկական ժամանակ»

20 Մայիս, 2017 10:04
546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման համար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2017 թվականի պետական բյուջեից 546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար: Երեկ մայիսի 19-ին, Շիրակի մարզպետարանում ԲԳՎ տրամադրվեց 26 ընտանիքի, իսկ մյուսներինը կտրամադրվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ անօթևան ընտանիքներին տրամադրվելու 118 հատ 1,53 հատ երկու և 12 հատ 3 սենյականոց բնակարաններ: Մեկ սենյականոց բնակարանի համար պետությունը հատկացնում է 4 մլն 923 հազար դրամ, երկուսի համար 6 մլն 17 հազար դրամ, երեքի համար 7 մլն 111 հազար դրամ: ԲԳՎ-ներ ստացած քաղաքացիները դժգոհ են պետական այս ծրագրից: Նշում են, որ Գյումրիում նշյալ գներին համապատասխան բնակարան գոյություն չունի:

«Ես երկու սենյակ եմ կորցրել, բայց 6 միլիոն են տալիս, որը բավարար չէ երկու սենյականոց բնակարան գնելու համար: Վեց միլիոնով լավ տուն չես առնի, ստիպված չարյաց փոքրագույնն ենք ընտրելու: Տունը որակով պետք է լինի, անորակ տունն առնեմ, ի՞նչ անեմ: Մի տեղ տեսել ենք 2 սենյականոց, բայց երկու սենյականոցի նման չէ։ Հնարավորություն չունենք, որ վրան գումար ավելացնենք, մոլորված մնացել ենք»,- ասում է Ռոզա Ասատրյանը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը համամիտ չէ ԲԳՎ ստացած քաղաքացիների հետ: Նրա խոսքով, ցանկության դեպքում հնարավոր է գնել բնակարան: «Մեր քաղաքում կարող են բնակարան գտնել այդ գումարով: Այլ հարց է, որ քաղաքացիները ցանկանում են բնակարաններ գնել կենտրոնական մասերում, վերանորոգված և շքեղ հարմարություններով»,- ասաց մարզպետը:

83 ընտանիքի ԲԳՎ տրամադրելով՝ պետության պարտավորությունն ավարտվում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների նկատմամբ: Սրան զուգահեռ, Գյումրիում շարունակում է մնալ մոտ 3000 ընտանիք, ովքեր բնակվում են տնակներում, բայց չունեն անօթևանի կարգավիճակ: «Դա չի նշանակում, որ նրանք երկրաշարժի հետևանքով են անօթևան: Մեզ մնում է միայն լուծել մարզի գյուղական համայնքներում առկա 171 ընտանիքի անօթևանության խնդիրը: Սրանով մենք ավարտում ենք մարզում ունեցած անօթևանության այն խնդիրը, որն առաջացել է երկրաշարժի հետևանքով»,- պարզաբանում է մարզպետը»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին