«168 ժամ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝ տասնամյակների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը։
Խոսքը հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնման մասին է, որոնց կատարումը Հայաստանը, ըստ էության, ներկայացնում է՝ որպես նախապայման բանակցային գործընթացը շարունակելու համար։
Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը։ Որքանո՞վ է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանո՞վ է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել։
Կարեւորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար։ Ադրբեջանի կրակոցներն այսպիսով կարող են վերածվել ինքնասպանության կրակոցների։
Ընդ որում, ստեղծված իրավիճակն ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է համարժեք հետեւություններ անել եւ տեղափոխվել ռացիոնալ դաշտ։ Բացառված չէ, որ Ալիեւն այս իրավիճակից ելքն ու սեփական հասարակությանն ասելիքի բացակայությունը փոխհատուցի սահմանային ավելի ինտենսիվ միջադեպերով։ Առաջիկա ժամանակաշրջանը կարող է վտանգավոր լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում