Կարևոր իրադարձություններ

Ոստիկան-աղջկա հետևից Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վազքից մինչև մեր Արծվիկի եվրատեսիլյան հաղթարշավ. Ամենաքննարկվածների TOP 10

12 Մայիս, 2017 23:45
Ոստիկան-աղջկա հետևից Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վազքից մինչև մեր Արծվիկի եվրատեսիլյան հաղթարշավ. Ամենաքննարկվածների TOP 10

Նրանք են այս ամիս գրավել հայության ուշադրությունն ու դարձել Հայաստանի ամենաքննարկված մարդիկ: Եվ այսպես.

 

1.Էմանուել Մակրոն

Նապոլեոնից հետո Ֆրանսիայի ամենաերիտասարդ առաջնորդը դարձավ համաշխարհային սենսացիա, քանի որ ոչ միայն կարողացավ 39 տարեկանում գրավել Ֆրանսիայի նախագահի աթոռը, այլև հաջողացրել էր ամուսնանալ իրենից 26 տարով մեծ ֆրանսերենի իր ուսուցչուհու հետ: Հաղթելով նախագահական ընտրություններում՝ նա Եվրոպան փրկեց վերջնական փլուզումից, իսկ ռադիկալ նացիզմի սիմվոլ դարձած Մարի Լը Պենին ստիպեց թուլանալ ու պարել:

 

2.Տարոն Մարգարյան

Նա դարձավ Հայաստանի ամենաքննարկված քաղաքական գործիչը, քանի որ ողջ երկիրը տարված էր Երևանի քաղաքապետի ընտրություններով: Նա ոչ միայն ամենից շատը քննարկվեց որպես միակ հավանական քաղաքապետ, այլև այն պատճառով, որ նրա երկու մրցակիցներն իրենց ողջ քարոզարշավը կառուցեցին հենց ներկայիս քաղաքապետի անձի շուրջ: Ներկայացնելով իր արածներն ու անելիքները՝ նա շատ հաջող ելույթներով շրջեց Երևանի գրեթե բոլոր բակերում՝ հանդարտ ու հեշտորեն շրջանցելով իր մրցակիցների լարած բոլոր ծուղակները:

 

3.Զարուհի Փոստանջյան

Մինչև Արարատ լեռը հայ ժողովրդին վերադարձնելը նա որոշեց դառնալ Երևանի ավագանու անդամ և զբաղվել մայրաքաղաքի կոմունալ-կենցաղային հարցերը լուծելով: Նրա ռուսաստանցի մեծահարուստ ընկեր Ռուբեն Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսավորել ծիրանաշատ նրա կուսակցությունը: Այդ աջակցությունից թևեր առած՝ նա Պետրոս Ղազարյանին «պուտանկա» անվանեց, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ է՛լ հանցագործ, է՛լ իշխանությունների շարունակություն ու է՛լ ինչ ասես...: 

 

4.Ռիտա Սարգսյան

Մայիսյան հաղթանակների եռատոնի օրը Հայաստանի առաջին տիկինը մի փոքրիկ հարցազրույցով հանդես եկավ և կրկին դարձավ ամենաքննարկված մարդկանցից մեկը:  Նախ սոցիալական ցանցերում անվերջ պտտվեց նրա հուզիչ պատմությունը արցախյան իր հերոսամարտից: Հետո լայնորեն տարածվեց նրա ասածը Ադրբեջանի առաջին տիկնոջ մասին: Վերջում էլ բոլորը տեսան նրա ոգևորված երգն ու պարը Հայրենական պատերազմի վետերանների հետ:

 

5.Նիկոլ Փաշինյան

Մի քանի պատգամավորական մանդատներն այնպես խփեցին նրա գլխին, որ նա որոշեց բացահայտ ու հրապարակայնորեն ընտրակաշառք առաջարկել երևանցիներին, բայց ոչ թե իր գրպանից, այլ Երևանի բյուջեից: Այս ակնհայտ ցինիզմը հիասթափեցրեց երևանյան էլիտային, իսկ առիթ ու անառիթ մարդկանց վրա ոստիկանությունում գործ տալու նրա մարմաջը հոգնեցրեց երևանյան քյարթերին: Նրա վերջին հերոսությունը դարձավ մի աղջիկ-ոստիկանի հետ գռեհիկ լեզվակռիվն ու այդ աղջկա հետևից հիստերիկ վազքը:

 

6.Գագիկ Ծառուկյան

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդը հայտնվեց սկանդալային շատ անհարմար իրավիճակում, երբ նրա պատգամավորացուները չենթարկվեցին մեծն Ծառուկյանի հրամանին և չհրաժարվեցին իրենց մանդատներից: Մարդիկ սկսեցին խոսել «Ծառուկյան» դաշինքում եղած բարքերի և այդ դաշինքի առաջնորդի դիրքերի կտրուկ անկման մասին: Ասում են՝ Ծառուկյանն ամեն դեպքում կարողացել է սանձել չարաճճի պատգամավորացուներին և շուտով նրանց կստիպի հրաժարվել բոլորի կոկորդում մնացած այդ չարաբաստիկ մանդատներից:

 

7.Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի ամենագեղեցիկ նախարարը հրաժեշտ տվեց իր պաշտոնին և տեղափոխվեց Ազգային ժողով, ինչի կապակցությամբ վարչապետ Կարապետյանը կառավարության նիստին հուզիչ հրաժեշտ կազմակերպեց նրա համար: Հայ հանրությունն այլևս հնարավորություն չի ունենա կառավարության նիստերի դահլիճում վայելել այս վառ նախարարի գունեղ հագուստներն ու ինքնատիպ վարքագիծը, սակայն այդ ամենը կարող է ըմբոշխնել ԱԺ նախագահությունից:

 

8.Արտակ Սարգսյան

Կուզեի՞ք պատգամավոր դառնալ, բայց մանդատ վերցնելու օրը ստիպված լինեիք ճողոպրել մի քանի ջահել լրագրողների հարձակումից, ինչպես դա արեց «ՍԱՍ»-ի Արտակը, ով դարձել է ներկայիս բոլոր ընտրակեղծիքների սիմվոլը: Նրա մասին հարցը ուղղվում է բոլոր իշխանականներին, որոնք բոլորն էլ միաբերան դատապարտում են այս պատգամավորին, ով այդպես էլ անպատիժ մնաց իր աշխատողներին ստորացնելուց հետո:

 

9.Վլադիմիր Պուտին

Նրա արարքը միգուցե շատ լայնորեն չքննարկվեց հայ հանրության կողմից, բայց շատերը նկատեցին ու բարձր գնահատեցին նրա անչափ հուզիչ քայլը: Մեծ տերության ամենահզոր մարդը այցելեց իր նախկին ղեկավարի տուն, ամոթխած ու հուզված աշակերտի պես կանգնեց նրա առաջ և շնորհավորեց նրա ծննդյան տարեդարձը:

 

10.Արծվիկ

Եվրատեսիլյան շուուն շարունակվում է, և Հայաստանը կրկին եզրափակիչում է: Անկախ այդ մրցույթում Հայաստանի գրաված տեղից, հայությունը, միևնույն է, մեծ հպարտություն և ուրախություն է ապրում, երբ հայկական եռագույնը կրկին շողում է միջազգային այս հեղինակավոր բեմում, իսկ հայկական երգը նորից գրավում է եվրոպացիների սերն ու համակրանքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին