Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանական սկանդալն ու վարչապետի սանձահարումը. Ամենահազորների TOP 10

06 Մայիս, 2017 19:30
Ծառուկյանական սկանդալն ու վարչապետի սանձահարումը. Ամենահազորների TOP 10

Վերջին և ամենակարևոր պաշտոնաբաժանը կսկսվի առաջիկա օրերին, ինչի արդյունքում էլ կորոշվի, թե ով ուր է լինելու Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից հետո: Այսօր Հայաստանի ամենահզոր մարդիկ լարված պայքարի մեջ են, որպեսզի իրենց մարդկանցով լցնեն երկրի առանցքային պաշտոնները և չկորցնեն իրենց դիրքերը մեր այս տասնյակում: Եվ այսպես.

 

1.Սերժ Սարգսյան

Խորհրդարանական ընտրություններում նա տոնեց հերթական անհավատալի ու փայլուն հաղթանակը: Չար լեզուներն ասում են, որ ընտրված հարյուր հինգ պատգամավորներից հարյուրն իրենն են, սակայն նա համեստ է և պաշտոնապես կընդունի միայն, որ իր պատգամավորներն են Հանրապետականի 58-ը, Դաշնակցության 7-ը և Ծառուկյանից օֆիցիալ պոկված 8-ը: Այսինքն՝ պառլամենտական կայուն ու բացարձակ մեծամասնությամբ նա կշարունակի իր ձեռքերում պահել երկրի ողջ իշխանությունը՝ անկախ նրանից,  թե ինչ պաշտոն կզբաղեցնի հաջորդ տարվա ապրիլից հետո:

 

2.Կարեն Կարապետյան

Իր համով խոսքով, թմբուկներով, բարետես արտաքինով և գեղեցիկ ժիլետներով մավրն արեց իր գործը և մավրը կարող է հեռանալ Մոսկվա: Նա ասուպի պես շողաց քաղաքական երկնակամարում՝ նախընտրական պայծառ հույսեր առաջացնելով հանրության դժգոհ զանգվածի շրջանում, իսկ հիմա նա նորից սովորական վարչապետ է, ում այլևս չեն օգնում փայլել և, ավելին, ամեն ինչ անում են, որ այդ փայլը վերանա ու մոռացվի: Բայց նա դեռ երկրորդն է՝ գոնե ի պաշտոնե և գոնե առաջիկա մի քանի ամիսներին:

 

3.Տարոն Մարգարյան

Երևանի համար իր պայքարով նա այսօր ամենակարևոր մարդն է իշխանությունների համար: Չնայած շատերն են ընդունում, որ նա բազմաթիվ լավ գործեր է արել Երևանի համար, չնայած իշխանական դեմքերի մեջ նա ամենաժողովրդականն է, սակայն նրա կյանքն այսօր շատ ծանր է: Մի կողմից նա պայքարում է Նիկոլի շոուների դեմ, որին աջակցում են իշխանական մի շարք լրատվամիջոցներ, մյուս կողմից նա կռիվ է տալիս իրական ընդդիմության վերջին մոհիկանի՝ Զարուհու դեմ, ով Հռոմի պապից վերցրել է սպիտակ կաբրիոլետն ու հագուստները և ծիրաններով հարձակվել իր հակառակորդների վրա:

 

4.Վլադիմիր Գասպարյան

Նա ծանր պայքարով վերադարձրեց իր փեսայի պատգամավորական մանդատը և նորից հանգիստ անցավ իր հիմնական գործին՝ գործող վարչապետերի սանձահարմանը: Երբ վարչապետ Կարապետյանը շշկռվեց ու «Մաքուր Հայաստան» նախագծի շրջանակներում փորձեց հանձնարարական տալ մեծն ոստիկանապետին, իր նախորդների պես ստացավ անհրաժեշտ հակահարված: Մի խոսքով, վարչապետերը կուգան ու կերթան, մեր գերհզոր ոստիկանապետը միշտ կմնա: 

 

5.Վիգեն Սարգսյան

Ազգը բանակ դարձրած և հազար դրամանոցների ռեֆորմը հորով-մորով արած երիտասարդ պաշտպանության նախարարն արդեն նոր նախաձեռնություններով է հանդես գալիս և առաջարկում երիտասարդների ծառայությունը հինգ միլիոնով երկարացնել ևս մեկ տարով: Այս օրիգինալ գաղափարների հեղինակը կարողանում է ոչ միայն զարմացնել բանակին և ազգին, այլև օր օրի բարելավել իր դիրքերը գերագույն գլխավոր հրամանատարի և նրա միջազգային գործընկերների մոտ:

 

6.Գեորգի Կուտոյան

Նա տեսել է Պուտինին: Նա խոսել է Պուտինի հետ: Էլ ի՞նչ է պետք այս տասնյակում ամուր դիրքեր ունենալու համար: Այս տասնյակի առաջատարի վստահությունը նա վաղուց ունի, իսկ պարբերաբար բացահայտվող ու վնասազերծվող հանցախմբերը էլ ավելի վստահելի են դարձնում ԱԱԾ երիտասարդ տնօրենին: Այսքանից հետո նա կարողացավ բացահայտել նույնիսկ Եվրոպական միության դրամաշնորհային կոռուպցիան, իսկ վերջում էլ պարզեց, թե ու՛մ մեղքով և ինչպե՛ս էին ադրբեջանական խնձորները հայտնվել Հայաստանում:

 

7.Սամվել Կարապետյան

Եթե նրա եղբայրը չդառնա Ազգային ժողովի նախագահ, ապա հնարավոր է շուտով նրան այլևս չտեսնենք այս տասնյակում, քանի որ այս դեպքում խիստ անորոշ կդառնա նրա մտերիմ ընկերոջ վարչապետության ժամկետը: Ռուսաստանահայ մեծ բարերարն իր շատ հարուստ ընկերների ակումբով կարող է շարունակել օգնել հայրենիքին, բայց նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրում իշխանությունը միայն փողով չես գնի: Դրա համար նվազագույնը պետք են սեփական պատգամավորներ ու լրատվամիջոցներ, ինչպես նաև հարազատ վարչապետ ու Աժ նախագահ:

 

8.Վարդան Հարությունյան

Նա շարունակում է մնալ վարչապետ Կարապետյանի ոչ միայն միակ ազդեցիկ թիմակիցը, այլև միակ արդյունավետ կառավարիչն ու հենարանը: Այդ է թերևս պատճառը, որ ոմանք որոշեցին ադրբեջանական խնձորների բույրը քսել հենց նրա ղեկավարած գերատեսչությանը: Այս ամենից հետո էլ նա, այնուամենայնիվ, շարունակում է իր սկսած իրական բարեփոխումները հարկայինում ու մաքսայինում և կարողանում է պահպանել իր դիրքերն այս տասնյակում:

 

9. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախագահ դառնալու նույնիսկ մշուշոտ լուրը հերիք էր, որ իշխանության այս երկարամյա նվիրյալը հայտնվեր ամենահզորների կողքին: Եթե նա իրապես հաղթի «Տաշիր»-ի Կարապետյանին և Շիրակի Ցոլակյանին ու դառնա ԱԺ նախագահ, ապա ի տարբերություն իր նախորդի՝ ոչ միայն կայուն տեղ կզբաղեցնի ամենահզորների տասնյակում, այլև կլինի դրա առաջատարներից մեկը՝ իրական մրցակից դառնալով այս տասնյակի ամենակարկառուն ու երկարակյաց դեմքերին:

 

10.Գագիկ Ծառուկյան

Քաղաքական վերաբացված էջը մրոտվեց, երբ պատգամավորական ցուցակից հանված տասներկուսը ապստամբեցին Կոտայքաց արքայի որոշման դեմ, որի արդյունքում նա իր երեսուն պատգամավորական աթոռներից ութը կորցրեց: Նրան նախ թուլացրեց քաղաքական էջը փակելը, հետո՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին տեղ չբռնելը, հետո՝ Երևանի ընտրություններին չմասնակցելը, վերջում էլ՝ մանդատներից հրաժարվել-չհրաժարվելու զավեշտալի սկանդալը: Ճիշտ է՝ առյուծը վիրավոր է և փոքր-ինչ թուլացած, բայց նա դեռ ողջ է և դեռ կարող է իր վտանգավոր վերջին ցատկն անել ամենահզորների տասնյակում: 

 

Լրահոս

Դիտել ավելին