Կարևոր իրադարձություններ

Դժվար կլինի մերժել ԱՄՆ-ին` Ասադի ուժերի վրա հարվածելու խնդրանքի դեպքում. Բրիտանիայի ԱԳՆ

27 Ապրիլ, 2017 20:52
Դժվար կլինի մերժել ԱՄՆ-ին` Ասադի ուժերի վրա հարվածելու խնդրանքի դեպքում. Բրիտանիայի ԱԳՆ

Միացյալ Թագավորությանը շատ դժվար կլինի մերժել Միացյալ Նահանգներին, եթե նրանք աջակցություն խնդրեն սիրիական կառավարական բանակի դիրքերի վրա ռազմական նոր հարված հասցնելու հարցում: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Սիրիայում Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի համատեղ գործողության մասին որոշման կայացման համար բրիտանական կառավարությանը պարտադիր չի լինի ստանալ խորհրդարանի աջակցությունը. հավելել է նախարարը:

 

ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ ապրիլի 7-ին՝ ի պատասխան Սիրիայի խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանը

Սիրիայի իշխանությունները հերքում են, որ քիմիական հարձակումը, որի զոհ է դարձել առնվազն 80 մարդ, իրականացրել են կառավարական զորքերը:

Վերջին տարիներին խորհրդարանի պատգամավորները քվեարկել են ռազմական գործողությունների անցկացման հարցի վերաբերյալ: 2013 թվականին Համայնքների պալատը մերժել է Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության մասին կառավարական բանաձևը:

Բայց քանի որ խորհրդարանը ցրվելու է հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ, այդ գործընթացը պահպանելու անհրաժեշտությունը կասկածի տակ է դրվում, եթե ամերիկացիները որոշեն կրկին հարվածել սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ առաջիկա վեց շաբաթների ընթացքում:

«Ես կարծում եմ՝ շատ դժվար կլինի, եթե ԱՄՆ-ն հանդես գա քիմիական հարվածին ի պատասխան գործողություններ ձեռնարկելու առաջարկով»,- ասել է Ջոնսոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին