Կարևոր իրադարձություններ

Հորդանանի արքայադուստրը քաջալերել է Հայաստանում քաղցկեղից բուժվող երեխաների մայրերին

27 Ապրիլ, 2017 18:49
Հորդանանի արքայադուստրը քաջալերել է Հայաստանում քաղցկեղից բուժվող երեխաների մայրերին

Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը` որպես քաղցկեղը հաղթահարածի մայր, քաջալերել է ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների մայրերին: Ապրիլի 27-ին Արյունաբանական կենտրոն կատարած այցի ժամանակ արքայադուստրն անկեղծացավ իր պատմությամբ:

«Երբ որդիս հիվանդացավ՝ 1997-ին, Հորդանանը չուներ քաղցկեղի բուժման լավ մեթոդներ, և մենք ստիպված էինք գնալ բուժման արտասահման: Ինձ համար դժվար էր՝ թեև ես արքայադուստր էի: Որդուս ապաքինումից հետո ես միացա քաղցկեղի դեմ պայքարին՝ փորձելու օգնել, որ բոլոր երեխաներն ունենան քաղցկեղից բուժման հավասար հնարավորություններ: Ես ու շատ մարդիկ տքնաջան աշխատել ենք զրոյից: Եվ այսօր մեր քաղցկեղի կենտրոնը տարածաշրջանի այն քիչ լիազորագրված կենտրոններից է, որը փրկում է հազարավոր կյանքեր»,-ասաց Դինա Մայրեդը:

Արքայադուստր Մայրեդի խոսքով՝ ինքն այժմ, օգտագործելով իր սոցիալական կարգավիճակը, ուզում է օգնել այլ մայրերի և հայրերի ևս: Նա վստահ է՝ Հայաստանի և Հորդանանի համագործակցությունը քաղցկեղի բուժման հարցում կշարունակվի: «Այցիս ամենակարևոր նպատակն էր տեսնել քաղցկեղի բուժման նոր ձեռքբերումները Հայաստանում: Տպավորված եմ Արյունաբանական կենտրոնով: Բայց այն կարիք ունի որոշակի նոր տեխնոլոգիաների, բուժման նոր մեթոդների: Եվ Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը՝ UICC-ն այն լավագույն կառույցն է, որ կարող է կիսել փորձը, գիտելիքները», -ա սաց արքայադուստրն ու նշեց, որ իր ղեկավարած կառույցը՝ UICC-ն, կազմված է 150 երկրների մոտ 1000 անդամ կազմակերպություններից, որի հիմնական առաքելությունն անդամների՝ փոխօգնությունը, փորձի փոխանակումն է:

Նրա խոսքով՝ ներկայումս կան բազմաթիվ հիանալի ծրագրեր: UICC-ի նոր նախաձեռնությունը կոչվում է «Քաղցկեղի քաղաքային մարտահրավեր»: Եվ քաղցկեղի որևէ խնդրի դեպքում ամբողջ «քաղաքը» միավորվում է՝ պայքարելու դրա դեմ: «Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը հիանալի թեկնածու կլինի սրա համար: Այն իսկապես կբերի արագ առաջընթաց: Մենք նույնպես փոքր երկիր ենք և մեր ռեսուրսները ևս փոքր են: Ավելի հեշտ է համեմատվել նմանատիպ երկրի, քան օրինակ՝ եվրոպական որևէ այլ զարգացած երկրի հետ»,-ասաց արքայադուստրը:

«Բժշկական համալսարանն այսօր նախաձեռնել է միանալու այդ միությանը, որը հնարավորություն է տալիս կիսել միջազգային փորձը, տեխնոլոգիաների ներդրումը: Շատ ուրախ եմ, որ արքայադուստրն ինքն է ղեկավարում: Նա քաջալերեց կենտրոնում բուժվողներին: Որպես քաղցկեղը հաղթահարածի մայր՝ նա ասաց, որ հանդիպելու են հուզական դժվարությունների: Նա իր համոզմունքն է հայտնել, որ բոլորն անպայման բուժվելու են, քանի որ Հայաստանում կան նման կենտրոններ: Արքայադուստրն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Արյունաբանական կենտրոնի միջազգային հավաստագրման համար&r aquo;,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հույս հայտնեց, որ համագործակցությունն այդ կառույցի հետ լայն շրջանակներ կունենա:

Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հարվերով, Հայաստան է ժամանել մասնակցելու ապրիլի 28-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»: Կոնգրեսը կազմակերպել են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան: Արքայադուստրը վերջերս ընտրվել է Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նախագահ, ինչպես նաև Հարվարդի համալսարանի «Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության» աշխատ անքային խմբի պատվավոր նախագահն է:

Դինա Մայրեդի բժշկական հաստատություններ այցելությունները վաղ առավոտից մեկնարկեցին «Մուրացան» հիվանդանոցային համալիրից: Դինա Մայրեդին ներկայացվեցին Քիմիաթերապիայի կլինիկայի և այլ բաժանմունքների հնարավորություններն ու հագեցվածությունը: Արքայադուստրը զրուցեց բուժանձնակազմի և պացիենտների հետ: Այցի ընթացքում Դինա Մայրեդը սեփական փորձով լավ հասկանալով քաղցկեղի դեմ պայքարի բարդությունները՝ ոչ միայն քաջալերում էր ծնողներին՝ ներկայացնելով հիվանդության բուժման հուզական կողմը, այլև խոսում էր բուժման նորագույն հնարավորություն ների մասին, որոնք առկա են այսօր Հայաստանում:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահն այցելեց նաև ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, շրջեց բաժանմունքներում:

Այնուհետև, «Հերացի» ավագ դպրոցում մասնակցեց ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքին լազերային նորագույն սարքի նվիրատվության միջոցառմանը: Ապրիլի 28-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի քաղցկեղը հաղթահարած մարդկանց նվիրված կոնգրեսը, որին նա հանդես կգա «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» թեմ այով զեկույցով:

 

Լրահոս

Դիտել ավելին