Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի կառավարությունը չեղարկել է գերմանացի պատգամավորի այցը

27 Ապրիլ, 2017 17:03
Թուրքիայի կառավարությունը չեղարկել է գերմանացի պատգամավորի այցը

Թուրքիայի կառավարությունը չեղարկել է գերմանացի պատգամավոր Բերնդ Ֆաբրիթիուսի մայիսին կայանալիք այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:

Ֆաբրիթուսը տեղեկացրել է, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի կողմից պլանավորված այցը  չեղարկվել է գրեթե վերջին պահին: «Ես ցավով եմ ընդունում այդ քայլը և Թուրքիայի կառավարությանը կոչ եմ անում փոխել չեղարկման որոշումը»,- ասել է Ֆաբրիթիուսը Բեռլինում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ:

Գերմանացի պատգամավորը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարությունը արգելել է առաջիկայում կայանալիք բոլոր պաշտոնական այցերը:

Բերնդ Ֆաբրիթիուսի այցը Թուրքիա նշանակվել էր դեռևս նոյեմբերին՝ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից՝ Թուրքիայում օրենքի գերակայության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Հայտնի էին նաև այն պաշտոնյաների անունները, որոնց հետ պետք է հանդիպեր գերմանացի պատգամավորը  այցի շրջանակներում: Այդ պաշտոնյաների թվում էին նաև Թուրքիայի արդարադատության նախարարն ու սահմանադրական դատարանի նախագահը:

Ֆաբրիթիուսը նշել է, որ այցի չեղարկումից հետո կողմերի միջև երկխոսությունը չպետք է դադարեցնել՝ փորձելով հնարավորինս արագ հասնել փոխըմբռնման:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական այցերի չեղարկման մասին իր վճիռը հրապարակել էր այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում որոշում ընդունվեց քաղաքական մոնիտորինգի վերականգնման մասին: Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի էր ենթարկվել նաև 1996-2004թթ. և հանդիանում է առաջին երկիրը, որտեղ վերսկսվում է նախկինում դադարեցված մոնիտորինգը:

 

Լրահոս

Դիտել ավելին