Կարևոր իրադարձություններ

«Եթե իրոք կա առաջադեմ երկիր ունենալու քաղաքական հստակ կամք, ապա պետք է գիտակցել` ժողովրդավարությանն այլընտրանք չկա»

27 Ապրիլ, 2017 15:33
 «Եթե իրոք կա առաջադեմ երկիր ունենալու քաղաքական հստակ կամք, ապա պետք է գիտակցել` ժողովրդավարությանն այլընտրանք չկա»
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը վեհաժողովի նիստում.

«Ելույթիցս առաջ կցանկանայի եւս մեկ անգամ հիշել, որ երեկ՝ ապրիլի 24-ին, մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այլեւս երբեք, եւ մենք այսօր պետք է միավորենք մեր ջանքերը` նման վայրագությունների հետագա կանխարգելման համար:

Հիմա անդրադառնամ ադրբեջանցի մեր գործընկերոջ մտահոգություններին Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ: Նախ եւ առաջ խորհուրդ կտայի որեւէ կարծիք հնչեցնելուց առաջ ճշգրիտ օգտագործել միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների, նաեւ նրանց ղեկավարների անունները, ապա ծանոթանալ միջազգային պաշտոնական զեկույցներին եւ իբրեւ ԵԽԽՎ պատգամավոր՝ առաջին հերթին կարդալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության պաշտոնական հայտարարությունը, որտեղ հենց առաջին մասում գրված է, որ Հայաստանում ընտրություններն անցկացվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բացարձակ պահպանմամբ:

Հիմա մի քանի փաստ մեր ընտրությունների մասին: Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները բացառապես նորություն էին մեզ համար՝ սկսած նոր Սահմանադրության համաձայն պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի անցնելուց մինչեւ քվեարկության բարելավված եւ մշակված նոր ընթացակարգ` տեխնիկական նոր համակարգով, բոլոր ընտրատեղամասերից իրականացվող ուղիղ հեռարձակմամբ եւ այլ մեխանիզմներ, որոնք կոչված են ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունը: Տեխնիկական այս փոփոխությունները լիովին բացառում էին ցանկացած ընտրակեղծիքի հնարավորությունը, եւ ինչը մեզ համար առավել կարեւոր է, դրանք ամրապնդեցին ընտրողների վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:

Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի եւ այս համատեքստում խիստ անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ բոլոր այս փոփոխությունները կատարվել են երկարատեւ քաղաքական եւ հասարակական քննարկումների ու կատարյալ փոխհամաձայնության արդյունքում: Ընդդիմության առաջարկով նոր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին անգամ նրա ընդունումից հետո եւ փաստաթղթում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման հավելյալ մեխանիզմներ սահմանող դրույթներ:

Եվ մենք հասանք մեր նպատակին՝ ձեռք բերելով ընտրողների վստահությունը նոր համակարգի նկատմամբ:

Նաեւ ուզում եմ հպարտությամբ ընդգծել քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը. բացի միջազգային դիտորդներից ընտրություններին հետեւում էին մեծ թվով տեղական դիտորդական առաքելություններ, նրանց մանդատով եւ նրանց հետ միասին նաեւ օտարերկրյա դիտորդներ: Քարոզարշավի լուսաբանումը եւ եթերի բաշխումը եղել է խիստ հավասարակշռված, ինչպես արդեն նշել եմ, ընտրությունների օրը եղել է անընդմեջ հեռարձակում բոլոր ընտրատեղամասերից, շուրջօրյա ռեժիմով գործել է նաեւ ոստիկանության հատուկ թեժ գիծը:

Իհարկե, կարիք չկա մեր հարեւան երկրների հետ համեմատականներ անցկացնելու եւ ապացույցներ փնտրելու մեր համակարգերի խիստ տարբերությունների հարցում, բայց մեկ բան կցանկանայի այնուամենայնիվ նշել` եթե իրոք կա առաջադեմ երկիր ունենալու քաղաքական հստակ կամք, ապա պետք է գիտակցել` ժողովրդավարությանն այլընտրանք չկա»: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին