Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի պատվիրակության անդամների մի մասը չի մասնակցի ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին

27 Ապրիլ, 2017 15:26
Թուրքիայի պատվիրակության անդամների մի մասը չի մասնակցի ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Թուրքիայի նկատմամբ քաղաքական մոնիթորինգի վերականգնման որոշումից հետո թուրքական կողմի առաջին քայլը ԵԽԽՎ-ի նիստերին չմասնակցելն է:

Ըստ թուրքական «Yeni akit» թերթի կայքի` նշյալ որոշումից հետո Թուրքիայի պատվիրակության «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները ներկայացնող անդամները որոշում են կայացրել չմասնակցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքներին:

Որոշման մասին տեղեկացրել է Թուրքիայի պատվիրակության ղեկավար Թալիփ Քյուչուքջանը, ով ներկայացնում է ԱԶԿ-ն:

Քյոչուքջանը հայտնել է, որ իրենք խստորեն դատապարտում և չեն ընդունում ԵԽԽՎ-ի վերոնշյալ որոշումը` պատճառաբանելով, որ դրա տեքստում Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը խախտող կետեր կան:

Նշվում է նաև, որ թուրքական պատվիրակության գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են մասնակցել ԵԽԽՎ-ի նիստերի աշխատանքներին:

Թուրքիայի պատվիրակությունը բաղկացած է 18 անդամից, որոնցից 10-ը ներկայացնում են ԱԶԿ-ն, 5-ը` ԺՀԿ-ն, 2-ը` ԺԴԿ-ն և 1-ը` ԱՇԿ-ն: 

Հիշեցնենք, որ Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից քաղաքական մոնիտորինգի է ենթարկվել 1996-2004թթ.: 

 

Լրահոս

Դիտել ավելին