Կարևոր իրադարձություններ

«ԵԽԽՎ-ն դեռ շատ թանկ կվճարի սրա համար». թուրք պատգամավորը` մոնիթորինգի մասին

27 Ապրիլ, 2017 14:28
«ԵԽԽՎ-ն դեռ շատ թանկ կվճարի սրա համար». թուրք պատգամավորը` մոնիթորինգի մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Թուրքիային կրկին մոնիտորինգի ենթարկելու մասին որոշմանը: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բահչելին կարծիք է հայտնել, որ Թուրքիան հասել է մի շրջադարձային կետի, երբ անհրաժեշտ է բազմակողմանիորեն վերանայել Եվրոպայի հետ հարաբերությունները:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ «Եվրոպան անպատասխան չի մնա և շատ թանկ կվճարի Թուրքիային մերժելու և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար»:

Բահչելին հրապարակել է մի գրավոր հայտարարություն, որում  ԵԽԽՎ որոշումը բնութագրել է որպես Թուրքիայի վերաբերյալ կանխակալ կարծիքի և հիվանդագին դիրքորոշումների արգասիք: Նա հայտարարել է, որ այդ որոշումն անարադար ու անհիմն է, հետևաբար Թուրքիայի համար այն «առ ոչինչ է»: Բահչելին մեղադրել է Եվրոպային՝ Թուրքիայի նկատմամբ թշնամական և ազգայնամոլական վերաբերմունք ցուցաբերելու մեջ:

«Ազգայնական շարժում կուսակցությունը լիովին կաջակցի կառավարության՝ Եվրոպայի հետ հարաբերությունների վերանայման արդյունքում ընդունած որոշումներին և ձեռնարկվելիք բոլոր քայլերին», - եզրափակել է ընդդիմադիր առաջնորդը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին կայացած նիստում ԵԽԽՎ-ն հաստատել էր Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերսկսման մասին առաջարկությունը: Թուրքիան մոնիտորինգի էր ենթարկվել նաև 1996 - 2004 թթ. և աշխարհում առաջին երկիրն է, որտեղ մեկ անգամ դադարեցվելուց հետո ԵԽԽՎ մոնիտորինգը կրկին գործարկվել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին