Կարևոր իրադարձություններ

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ. անհրաժեշտ է միավորել մեր ուժերը ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

27 Ապրիլ, 2017 13:32
Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ. անհրաժեշտ է միավորել մեր ուժերը ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում: Այն ներկայացնում ենք ստորև.

«Այսօր տարվա այն օրն է, որը միավորում է աշխարհի հայերին: Այսօր այն օրն է, երբ մեզանից շատերը վերհիշում են իրենց մեծերի պատմած սարսափելի պատմությունները, թե ինչպես էին նրանք փորձում փրկվել սահմռկեցուցիչ մի իրավիճակից` խոշտանգումներ, սպանություններ, արյուն, սիրելի եւ հարազատ մարդկանց արյուն, եւ թե ինչպես էին մեր մեծերը, լինելով շատ երիտասարդ, փորձում փախչել վայրենի մարդասպաններից, ովքեր իրենց աչքի առջեւ մորթում էին իրենց ընտանիքների անդամներին…

20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած սպանդը քրիստոնյաների ցեղասպանություն էր, որը Երիտթուրքերի կառավարության ծրագրած եւ մշակած քաղաքականության իրականացումն էր: Դաժանաբար տանջանքների են ենթարկվել եւ սպանվել միլիոն ու կես հայեր... Պատմական ճշմարտությանը արդարացի գնահատական տալն անհրաժեշտ է ոչ միայն մեզ` նահատակների եւ վերապրածների ժառանգներիս, այլեւ բոլորին, անգամ նրանց, ովքեր կապ են ունեցել Ցեղասպանության իրականացման հետ:

Այլեւս երբեք…

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ եւ այսօր առավել, քան երբեւէ անհրաժեշտ է միավորել մեր ուժերը ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում: Այսօր Հայաստանը այս հարցում հանդես է գալիս իբրեւ համախմբող եւ նախաձեռնող երկիր. Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մենք կազմակերպում ենք միջազգային գիտաժողովներ, որին մասնակցում են աշխարհահռչակ մասնագետներ` հարցի լուծման համար հնարավոր ճանապարհներ գտնելու եւ այս չարիքի դեմ միասնական պայքար մղելու համար:

Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած երկրների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների թիվը: Հիշենք նաեւ, որ Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, երբ Սուրբ Աթոռում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ մատուցված պատարագին ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Հռոմի Պապը նշեց, որ անցած դարում մարդկությունը վերապրել է երեք ողբերգություն, եւ առաջինը հենց Հայոց ցեղասպանությունն էր:

Ցավոք, այժմ էլ մենք ականատես ենք լինում բազմաթիվ վայրագությունների եւ բռնությունների ազգային կամ կրոնական հողի վրա: Իսլամական պետության կողմից շարունակական ահաբեկչությունները ժամանակին անցյալի փաստերի, այդ թվում եւ հայերի Ցեղասպանության փաստի վրա աչք փակելու արդյունք են, եւ թող ես սխալվեմ, բայց կարծում եմ, որ ապագայում մենք դեռ ականատեսն ենք լինելու այլ ողբերգությունների: Ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ քննադատվի նրա ժխտումը, սրան այլընտրանք չկա: Անցյալի սխալները հասկանալով եւ ընկալելով է հնարավոր ստեղծել այնպիսի ապագա, որտեղ տեղ չի լինի ահաբեկչությունների, բռնությունների, սպանդի եւ սարսափի համար:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ… Սա մի երեւույթ է, մի իրականություն, որի կանխարգելման համար անհրաժեշտ է բոլորիս միավորվելը: Իմ ընտանիքն ունի իր տխուր պատնությունը, եւ ես չէի ցանկանա որեւէ ազգի որեւէ ներկայացուցչի ունենալ նմանատիպ պատմություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին