Կարևոր իրադարձություններ

Կրկին սրվում են թուրք-իրաքյան հարաբերությունները

27 Ապրիլ, 2017 12:25
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
Կրկին սրվում են թուրք-իրաքյան հարաբերությունները

Նախօրեին թուրքական օդուժի կողմից Սիրիայի հյուսիսում YPG-ի և հատկապես Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջարի շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(PKK) դիրքերին հասցված ավիահարվածներից հետո կրկին սրվել են թուրք-իրաքյան հարաբերությունները: Պաշտոնական Բաղդադը միաժամանակ 3 մակարդակում կտրուկ պատասխանել է Անկարայի գործողություններին: Նախ ապրիլի 26-ի երեկոյան մամուլի ասուլիսի ընթացքում Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը խստորեն նախազգուշացնում է Թուրքիային՝ ձեռնպահ մնալ հետագայում նման գործողությունների կրկնությունից:

Իրաքյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսին նույն խնդրի վերաբերյալ նշել է, որ երկրի հյուսիսում Թուրքիայի հասցրած ավիահարվածները բացասաբար կանդրադառնան ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի և միջազգային հանրության ջանքերին:

Այս թեմայի առնչությամբ Իրաքի ԱԳՆ-ի հայտարարության մեջ Թուրքիայի գործողությունները որակվել են՝ որպես «միջազգային պայմանագրերի ակնհայտ խախտում», ինչպես նաև կոչ է արվել միջազգային հանրությանը՝ վճռականորեն դատապարտելու Թուրքիայի ագրեսիվ գործողությունները և ապահովելու երշխիքներ՝ նման գործողությունների չկրկնվելու վերաբերյալ:

Փաստորեն Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի շրջանում թուրքական ռազմական ներկայության հետ կապված թուրք-իրաքյան հարաբերություններում առաջացած լարվածությունը դիվանագիտական խողովակներով առժամանակ հարթելուց հետո, ներկայում կողմերի միջև նոր խնդիր է առաջանում, որն ակնհայտորեն խորացման միտումներ ունի: Գրեթե կասկած չկա, որ Թուրքիայի՝ առնվազն այսօրինակ գործողությունները պարբերական բնույթ են կրելու, քանի դեռ Սինջարից PKK-ի հեռանալու հարցը չի լուծվել: Իհարկե, չի բացառվում, որ նման գործելաոճով թուրքական կողմը նպատակ է հետապնդում նաև՝ հարկադրելու իրաքյան կառավարությանը, արևմտյան կոալիցիային, որպեսզի առավել առարկայական ճնշումների արդյունքում PKK-ն լքի շրջանն, ինչի հավանականությունը, սակայն, ներկայում խիստ սահմանփակ է:

Այս համատեքստում, կարելի է կանխատեսել, որ Անկարայի կողմից ագրեսիվ գործելաոճի պարբերականությունը, ինչպես Բաշիքայի պարագայում էր, կարող է պատճառ դառնալ նաև Իրանի կտրուկ արձագանքի՝ հերթական անգամ հանգեցնելով 2 տարածաշրջանային տերությունների միջև հարաբերությունների սրմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին