Կարևոր իրադարձություններ

«Այս պահին անտառների կառավարման մակարդակը գնահատում եմ անբավարար». վարչապետը հանձնարարականներ է տվել գործադիրի անդամներին

27 Ապրիլ, 2017 11:34
«Այս պահին անտառների կառավարման մակարդակը գնահատում եմ անբավարար». վարչապետը հանձնարարականներ է տվել գործադիրի անդամներին

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն կարապետյանի հանձնարարականներով։

Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում է անտառների կառավարմանը, ապօրինի անտառահատումներին։ Կարապետյանը նշեց, որ այս հարցի շուրջ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում պարզվել է, որ ոլորտում առկա են խնդիրներ։ «Անտառների կառավարման, ապօրինի անտառահատումների վերաբերյալ վերջին ժամանակներս հաճախ են բարձրացվում մտահոգություններ։ Խնդիրն առավել խորքային է, քան մի քանի ապօրինի ծառահատումները»,- ասաց վարչապետը։

Կարապետյանը նշեց, որ անհրաժեշտություն կա կատարելագործել անտառների կառավարման ներկայիս մոդելը, այն դարձնել ժամանակակից պահանջներին համապատասխան՝ գիտական և տեխնիկական նորագույն մեթոդների կիրառմամբ։

«Այս պահին անտառների կառավարման մակարդակը գնահատում եմ անբավարար», - նշեց Կարապետյանը։ Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանման բնագավառը, կազմել ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ցանկը, զեկուցել դրանց դերի մասին, ներկայացնել հստակ առաջարկություններ՝ ուղղված ոլորտի կատարելագործմանը։

 Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվեց համագործակցելով իրավապահ մարմինների հետ ներկայացնել ապօրինի անտառահատումների շուրջ ծրագրեր։ Հանձնարարվեց նաև մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել մամուլում և սոցցանցերում հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կողմից բարձրաձայնվող անտառահատումների հետ կապված խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին