Կարևոր իրադարձություններ

Ընտրության արդյունքը վերանայվում է. «Ժամանակ»

27 Ապրիլ, 2017 09:23
Ընտրության արդյունքը վերանայվում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրության քվեարկությունից անցնում է արդեն մոտ մեկ ամիս, սակայն հանրությանը դեռեւս պարզ չեն այն անունները, որոնք դառնալու են պատգամավորական մանդատի տեր եւ ստանձնելու են թիվ մեկ քաղաքական օրգանում հանրության, այսպես ասած, ներկայացուցչի դերը: Համենայնդեպս, դեռեւս պարզ չէ խորհրդարանի, այսպես ասած, ճնշող մեծամասնություն կազմող երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունների կազմը:

Ավելին, Գագիկ Ծառուկյանը ապրիլի 24-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ըստ էության խոստովանեց, որ պատգամավորական կազմը որոշվում է ինչ-որ մի մակարդակում, որը դաշինքի թեկնածուներից պահանջում է ըմբռնում: Ծառուկյանը լրագրողների հարցին ի պատասխան, որ անհանգստություն կա այդ թեկնածուների շարքում, հայտարարեց, թե նման բան չկա, եւ ոչ մեկն էլ տագնապած կամ խուճապի մեջ չէ: Այսինքն՝ դաշինքի առաջնորդը ըստ էության խոստովանեց, որ ըմբռնումով են մոտենում կազմի որոշման «անորոշությանը»:

Թե որտեղ եւ ինչ չափանիշներով է որոշվում դաշինքի խմբակցության կազմը, թե ովքեր են վերցնելու մանդատները՝ պարզ չէ, սակայն պետք է ենթադրել, որ Ծառուկյանն այդ հարցը ոչ թե քմահաճույքով է որոշում, այլ Սերժ Սարգսյանի հետ լուռ կամ պայմանավորված համաձայնությամբ՝ ելնելով քաղաքական իրողություններից:

Նույն տրամաբանությամբ էլ անորոշություն է ՀՀԿ խմբակցության կազմի առումով: Թեեւ պատճառահետեւանքային կապը իրականում հակառակն է՝ հենց ՀՀԿ-ում դեռեւս շարունակվող անորոշությունն է բերում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմի անորոշության, քանի որ դաշինքի կազմն ըստ էության պետք է ձեւավորվի հենց ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյին համարժեք, այսինքն՝ միայն այդ դեպքում պետք է պարզ լինի, թե ում եւ ինչպիսի ընդդիմություն է լինելու «Ծառուկյան» դաշինքը:

Այդպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայում, բայց ոչ թե Սահմանադրական դատարանում, որտեղ խորհրդարան չանցած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում է ընտրությունը եւ հայտարարում այն կեղծված, այլ իշխանական կուլիսներում: Իսկ այն, որ արդյունքը կուլիսներում վերանայվում է՝ ըստ էության ակնառու է: Հակառակ պարագայում ներկայումս չէր կարող լինել անորոշություն, քանի որ խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքները արձանագրվել են մի քվեարկության արդյունքի տեսքով, որը բխել է հանրությանը ներկայացված ցուցակներից, անուններից:

Հետեւաբար ստացված քվեարկության պաշտոնական արդյունքը՝ անկախ այդ արդյունքի հանդեպ տարբեր գնահատականից եւ վերաբերմունքից, արտացոլում է հանրության գնահատականը այդ ցուցակներին: Մնացյալն արդեն, այսինքն՝ մանդատների բաշխումը, պետք է դառնար մեխանիկական պրոցես՝ քվեարկությունից բխող: Բայց այն դարձել է քաղաքական, այն էլ կուլիսային քաղաքական գործընթաց, ինչը այլ բան չէ, քան խորհրդարանի ընտրության արդյունքի վերանայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին