Կարևոր իրադարձություններ

«Ծանոթ շեյխ գտնեմ, ներդրում կանի», կամ «Նաիրիտը խոդի տանք». սրանք պարզապես օդի տատանում են. «Առավոտ»

26 Ապրիլ, 2017 11:17
«Ծանոթ շեյխ գտնեմ, ներդրում կանի», կամ «Նաիրիտը խոդի տանք». սրանք պարզապես օդի տատանում են. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կարծում եմ՝ շատերի համար ակնհայտ է, եւ անցած խորհրդարանական ընտրությունները դա ապացուցեցին, որ մեր քաղաքական լիդերները շատ քիչ են մտածում նույնիսկ այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ «նախընտրական դատողություններ» են անում: Անգամ տնտեսական հարցերի մեջ չխորացած մարդը, եթե 2-3 րոպե «գլխին զոռ տա», կհասկանա, որ «ծանոթ շեյխ գտնեմ, նա ներդրում կանի», կամ «Նաիրիտը խոդի տանք» տիպի արտահայտությունները պարզապես օդի տատանում են: Կամ՝ այս, ավագանու ընտրարշավում մեկն առաջարկում է հետեւյալ կերպ լուծել Երեւանի տրանսպորտի խնդիրը՝ ավելացնել մետրոյի վագոնների թիվը: Էլ ո՞ւր մնացին ավելի բարդ՝ անվտանգության, պետական կառավարման, աշխարհաքաղաքական խնդիրները:

Ես մեր լիդերներին չեմ մեղադրում՝ նրանք հաստատ Թրամփից հիմար չեն: Պարզապես կայացած երկրներում կա նաեւ կայացած մտավոր վերնախավ, որն, ի վերջո, ուղղորդում է քաղաքական գործիչներին: Այդ վերնախավը հենց այնպես չի «ծլի», այն պետք է դաստիարակվի, նաեւ՝ ինքնադաստիարակվի: Երբ Արմեն Աշոտյանը հրավիրեց Առաջին նախագահին դասախոսություններ կարդալու ՀՀԿ քաղաքական դպրոցում, դա ընկալվեց որպես կատակ: Բայց աշխարհում ընդունված պրակտիկա է. փորձ ունեցող, բայց թոշակի գնացած գործիչները, այդ թվում առաջին դեմքերը հովանավորում են լուրջ վերլուծական կենտրոններ, դասախոսություններ են կարդում համալսարաններում: Մեզանում ամեն ինչ առայժմ գավառական նեղվածությունների մակարդակին է:

Այստեղից էլ քննարկումների ահավոր ցածր մտավոր մակարդակը: Բերեմ մի օրինակ: Ես փորձում եմ ինչ-որ հասարակական խնդրի շուրջ իմ (ճիշտ թե սխալ) մտքերը ձեւակերպել: Բայց այդ տեսակետի շուրջ որեւէ քննարկում չի ծավալվում: Ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունը մոտավորապես հետեւյալն է. «էս երկրին, էս ժողովրդին պետք է էս երկիրը, էս ժողովրդին սիրող, նրա մասին հոգ տանող իշխանություն, մնացածը սաղ սուտ է»: Այդ պարզունակ, սնամեջ եւ կասեի անգամ՝ «լալահառաչ» եզրահանգմանը գալիս են ոչ միայն տաքսու վարորդները կամ կանաչի ծախողները, այլեւ մարդիկ, որոնք հավակնում են հանդես գալ որպես «խորիմաստ մեկնաբաններ»:

Քանի վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների մտավոր մակարդակը սա է, քանի նրանք բոլորի հետ միասին սպասում են «ազգասեր, հայրենասեր եւ հոգատար իշխանության», դժվար է ակնկալել այլ արդյունք, քան այն, որը մենք ունենք: Ինքնին հարցը՝ թե ինչ իշխանություն է պետք «էս երկրին», սխալ է ու անիմաստ. իշխանությունը տեխնիկական կատեգորիա, ֆունկցիա է, ոչ լավ կամ վատ «պապաների» խումբ: Հակադրվելով «խորիմաստ վերլուծաբաններին», կրկնեմ՝ մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին