Կարևոր իրադարձություններ

Հայաստան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության հուշագիր` կրթության ոլորտում

26 Ապրիլ, 2017 13:10
Հայաստան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության հուշագիր` կրթության ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է  համագործակցության հուշագիր նախարարության և Հայաստանում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի միջև:
Հուշագրի նպատակն  է նպաստել Հայաստանի գիտակրթական և գիտահետազոտական ներուժի հզորացմանը, կրթության և գիտության ոլորտում Հայաստան – Սանկտ-Պետերբուրգ կապի խթանմանը, աջակցել Սանկտ-Պետերբուրգում ուսումնառության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը:
Նախարարությունը պատրաստակամություն է հայտնում  ակումբին տրամադրել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի գիտության ձեռքբերումների մասին ռուսերենով և անգլերենով լույս տեսնող գիտական գրականություն և ժողովածուներ, ընդհանուր տեղեկություններ գիտաժողովների, հանդիպումների, սեմինարների, ինչպես նաև  կրթական և գիտական ոլորտների դրամաշնորհների վերաբերյալ:
Նախատեսվում է նաև կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների գործընթացում ակումբի անդամների ներգրավում, աջակցություն կրթագիտական ոլորտների դրամաշնորհների, ատենախոսությունների թեմաների հաստատման գործընթացին՝ ելնելով Հայաստանի համար դրանց անհրաժեշտությունից ու կարևորությունից: 
Հայաստանում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբը պարտավորվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես  իրականացնելով կրթության որակի բարձրացմանը միտված Սանկտ-Պետերբուրգի ԲՈՒՀ-երի փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում: Նախատեսվում է նաև աջակցություն Սանկտ-Պետերբուրգում հայոց լեզվի պահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ակումբը պատրաստակամ է այդ նպատակով ՝ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի հայերեն ձեռագրերի արխիվային ուսումնասիրություն և հրատարակում իրականացնել: 
Կողմերը պարտավորվում են նաև աջակցություն ցուցաբերել գիտակրթական գործունեությանն առնչվող այլ հարցերում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին